Ֆրանսիայի ծովափնյա Նիս քաղաքում առնվազն 80 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, երբ ծանրաքաշ, հեռահար բեռնատարը բարձր արագությամբ մխրճվել է Ֆրանսիայի ազգային տոնը նշելու համար հավաքված բազմության մեջ:
Ֆրանսիայի իշխանությունները հաղորդում են, որ ոստիկանությունը կրակ է բացել և սպանել վարորդին, ով բեռնատարը ավելի քան 1,5 կիլոմետր վարել է մարդկային բազմության միջով:
Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան` տեղական ժամանակով ժամը 10:30-ի սահմաններում, Միջերկրական ծովի առափնյա Պրոմենադ դեզ Անգլե բուլվարում, Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունից հետո։
Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոսին հայտարարել է, որ բեռնատարի վարորդը նաև կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Ավելի ուշ ոստիկանները բեռնատարի մեջ զենք և նռնակներ են հայտնաբերել:
«Սա ամենասարսափելի ողբերգությունն է մեր քաղաքի պատմության ընթացքում», - Թվիթերում գրել է Նիսի քաղաքապետը:
Օլանդ․ «Ամբողջ Ֆրանսիան է իսլամիստական ահաբեկչության վտանգի տակ»
Արյունալի իրադարձություններից ժամեր անց հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ընդգծելով, որ տեղի ունեցածը «հարձակում է, որի ահաբեկչական բնույթը հնարավոր չէ հերքել», Օլանդը հայտարարել է, թե «ամբողջ Ֆրանսիան է իսլամիստական ահաբեկչության վտանգի տակ»: Նա ասել է, որ Ֆրանսիան, թեև սարսափած է տեղի ունեցածից, սակայն միշտ լինելու է ավելի ուժեղ, քան նրան խփել ցանկացողները»: Օլանդը հայտնել է, որ երկրում հայտարարված արտակարգ դրությունը, որի ժամկետը լրանալու էր հուլիսի 26-ին, կերկարաձգվի ևս երեք ամսով:
«Մենք կուժեղացնենք մեր գործողությունները Սիրիայում և Իրաքում: Մենք կշարունակենք իրենց իսկ որջում հարվածել նրանց, ովքեր հարձակվում են մեզ վրա», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Քրեական գործ՝ ահաբեկչության հատկանիշներով
Ֆրանսիայի դատախազությունը միջադեպի առնչությամբ գործ է հարուցել ահաբեկչության հատկանիշներով: Քաղաքային իշխանությունները Նիսի բնակիչներին կոչ են արել միառժամանակ մնալ տներում։
Բեռնատարի վարորդի ինքնությունն առայժմ չի պարզվել: Ահաբեկչական որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել հարձակման կապակցությամբ:
Սա արդեն երրորդ ահաբեկչական հարձակումն է Ֆրանսիայում վերջին շուրջ մեկևկես տարվա ընթացքում:
Your browser doesn’t support HTML5