Վարչապետը դժգոհ է Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու շինարարության որակից և ընթացքից

Իր դժգոհությունը Հովիկ Աբրահամյանն այսօր հրապարակավ բարձրաձայնեց կառավարության նիստի ժամանակ՝ հայտարարելով նաև, թե ճանապարհը կառուցող իսպանական ընկերությունը «չարիք է»:

Աբրահամյանը հանդիմանեց Տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանին՝ նշելով, որ զգուշացրել է, որ ճանապարհի Աշտարակ - Թալին հատվածի կառուցումը դանդաղում է, սակայն փոփոխություն չկա․ - «Երկու անգամ զգուշացրել եմ Ձեզ արդեն: Ի՞նչն է պատճառը, կարո՞ղ եմ հասկանալ»:

Փոխնախարարը պատասխանեց․ - «Մենք ժամանակի իմաստով գրաֆիկի վերահսկողությունը իրականացնում ենք, այսինքն շինարարի մոտ շատ հստակ ժամանակացույց կա աշխատանքների կատարման: Դեռ ահազանգներ չունենք այդ իմաստով»:

Վարչապետը ընդհատեց․ - «Իմ ասածը Ձեզ համար ահազանգ չի՞: Երկրորդ անգամ եմ ասում Ձեզ: Ի՞նչն է պատճառը, ուսումնասիրե՞լ եք․․․ Ինձ խոսակցություններ են հասնում, չգիտեմ հիմնավոր են, անհիմն են, ֆինանսավորման խնդիրները․․․ էդ իսպանական ընկերությունը չարիք է էս գործի մեջ․․․ Ի՞նչ խնդիր կա էնտեղ: Ինչ-որ պրոբլեմ կա էս ընկերության հետ և չգիտեմ ում հետ, ում միջև․․․ Ասում են՝ փողերը չկա, փողերը տարել են․․․ Մի հատ հասկացեք ի՞նչն է պատճառը»:

«Մենք ուսումնասիրել ենք, պարոն վարչապետ: Կանխավճարը փոխանցվել էր ընկերությանը 5 միլիոն եվրոյի չափով: Չորս միլիոնը վերադարձել էր Հայաստան, մեկ միլիոնը, իրենք հիմնավորեցին և մենք ստուգեցինք, որ դա բետոնի փռիչ սարքավորում են ձեռք բերել: Այսինքն լիարժեք հսկողության տակ ա», - պատասխանեց Արթուր Առաքելյանը:

Կառավարության նիստից հետո Առաքելյանը լրագրողներին հայտնեց, որ ճանապարհը կառուցող իսպանական «Կորսան-Կորվիամ կոնստրուքսյոն Էս Ա» ընկերությունից պահվել է 6 միլիոն դոլար՝ Արտաշատ - Երևան - Աշտարակ ճանապարհում առկա թերությունների համար:

Այդ ճանապարհահատվածի կառուցումը Հայաստանի հարկատուներին արժեցել է 70 միլիոն դոլար: Վարկային այս միջոցները դեռ պետք է մարվեն:

Փոխնախարարը հավելեց՝ եղել են դեպքեր, երբ իսպանական ընկերությունը ուշացրել է գումարի փոխանցումը այն կապալառու ընկերություններին, որոնք անմիջականորեն զբաղված են ճանապարհի կառուցմամբ․ - «Քանի որ մեր համար իրավահարաբերությունների սուբյեկտ է հանդիսանում «Կորսան» ընկերությունը, մենք ուղղակի վերահսկողություն չենք իրականացնում նրա հարաբերությունների մասով իր կապալառուների հետ»:

Չնայած այս ամենին, պաշտոնյան ասաց, որ մտադիր չեն խզել պայմանագիրը իսպանական ընկերության հետ:

Ինչպես այսօր «Ազատությանը» փոխանցեցին Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպությունից, ավտոմայրուղու կառուցման համար արդեն իսկ ներգրավվել է 416.6 միլիոն դոլար վարկ, և ունենք Արտաշատից Աշտարակ ձգվող մի ճանապարհ, որը, վարչապետի խոսքով, անորակ է:

«Հյուսիս - Հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիրը մեկնարկել է յոթ տարի առաջ: Ծրագիրը վարկավորող Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանի կառավարությունը առաջին փաստաթուղթը կնքել է դեռ 2009 թվականին, սակայն շինարարական աշխատանքները մեկնարկել են միայն երեք տարի անց՝ 2012-ին, և վարկային միջոցները ժամանակին չօգտագործելու համար Հայաստանը բանկին վճարեց որոշակի գումար:

Առ այսօր Հայաստանի կառավարությունն ու բանկի ներկայացուցիչները հրաժարվում են նշել, թե որքան է կազմում այդ գումարը:

Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի ծրագրերի պատասխանատու Արեգ Բարսեղյանը «Ազատության» հետ զրույցում այսօր նույնպես չցանկացավ նշել գումարի չափը․ - «Կոմերցիոն գաղտնիք ա: Մենք չենք ասի դա»:

Դիտարկմանը, թե ճանապարհը, ի վերջո, կառուցվում է Հայաստանի հարկատուների հաշվին, Բարսեղյանն արձագանքեց․ - «Հայաստանի հարկատուները պետք է հարցնեն Հայաստանի կառավարությանը»:

Բարսեղյանի փոխանցմամբ՝ Ասիական զարգացման բանկը նույնպես գոհ չէ ճանապարհի կառուցման ընթացքից․ - «Մենք էլ ենք դժգոհում․․․ Դանդաղ է գնում, չեն աշխատում»:

Հայաստանում Ասիական զարգացման բանկի գործունեության մոնիթորինգն իրականացնող ՀԿ-ների ֆորումի ներկայացուցիչ Սիլվա Ադամյանի խոսքով, մայրուղու կառուցման գործում իշխանությունների անհիմն դանդաղկոտությունը արդեն իսկ Հայաստանի քաղաքացիներին կլորիկ գումար է արժեցել․ - «Այդ ծրագրի շրջանակներում կար մի պայման, որի համաձայն, եթե ծրագիրը ուշանում է, ապա պետությունը ինչ-որ գումար է վճարում․․․ այս պարագայում 300 հազար դոլար է վճարել Ասիական բանկին ծրագիրը ուշացնելու համար»:

Ճանապարհի որակի վերաբերյալ Ադամյանը կիսեց վարչապետի գնահատականը, ասաց, որ իրենք անգամ լուսանկարներ ունեն, թե նորակառույց մայրուղին ինչպես է տեղ-տեղ արդեն քանդվել:

Արձագանք ստանալու նպատակով այսօր եղանք Աշտարակում՝ իսպանական ընկերության գրասենյակում, սակայն այնտեղ չցանկացան խոսել: