Ժակլին Բիսեթ․ Կփորձեմ ինձ համար բացահայտել Հայաստանը

Երեկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում Ֆրանսուա Տրյուֆոյի «Ամերիկյան գիշեր» ֆիլմի ցուցադրությամբ սկսվեց համաշխարհային կինոյի հայտնի աստղերից մեկի՝ Ժակլին Բիսեթի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը՝ դերասանուհու մասնակցությամբ:

«Ոսկե գլոբուսի» և այլ հեղինակավոր մրցանակների արժանացած, տասնյակ ֆիլմերում նկարահանված, այսօր արդեն 72-ամյա դերասանուհին «Ոսկե Ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում է, և այս տարի «Ոսկե Ծիրանի» փակման հանդիսավոր արարողության ժամանակ նրան է հանձնվելու փառատոնի ամենաբարձր պարգևը՝ Փարաջանովյան թալերը:

Վերջին տարիներին Լոս Անջելեսում բնակվող և այնտեղ բազմաթիվ հայ ընկերներ ունեցող Ժակլին Բիսեթը լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ փառատոնի օրերին կփորձի իր համար բացահայտել Հայաստանը:

Լրագրողների հետ զրույցում Ժակլին Բիսեթը անկեղծ էր ու անկաշկանդ: Պատմեց, ծնվել է 1944-ին Անգլիայում, ուր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ իր կիսով չափ անգլուհի և կիսով չափ ֆրանսուհի մայրը Փարիզից մինչև Լա Մանշի նեղուցը նահանջող զորքի հետ հեծանիվով էր հասել:

Պատանեկության և երիտասարդության տարիներին փորձել է հաղթահարել բնածին ամաչկոտությունը․ - «Արվեստների համար գժվում էի, բայց ամենևին չէի պատկերացնում, որ կարելի է դերասանուհի դառնալ, որովհետև կինոյին բոլորովին ծանոթ չէի»:

Թերևս պատահական չէ, որ լատիներենի ծեր, իմաստնացած ուսուցիչը մի առիթով 15-ամյա Ժակլինին ասել է, թե նա լավ դերասանուհի կարող է լինել: Նույնը նրան երեք տարի անց ասել է Ռոման Պոլանսկին: «Այն ժամանակ արդեն սկսել էի ֆիլմեր դիտել և շատ էի սիրում շփվել մարդկանց հետ: Ինձ հետաքրքրում էր մարդկային հոգեբանությունը, և արդեն մտածում էի, որ կարող եմ դերասանուհի դառնալ», - ասաց Բիսեթը՝ հավելելով, որ այն ժամանակ դեռ չգիտեր, թե դերասանուհի դառնալու համար ինչքան պիտի կրթվեր, զարգանար, մի բան, որով զբաղված է մինչև այժմ, երբ արդեն ավելի քան 40 տարվա ընթացքում նկարահանվում է բազմաթիվ ֆիլմերում:

Ասում էր, որ հենց մտնում է նկարահանման հրապարակ, անմիջապես հասկանում է, թե ով է դիմացինը, ում հետ է խաղալու, բայց դա չի խանգարում, որ անմիջապես մտերմանա խաղընկերոջ հետ՝ անկախ նրա արտաքինից և էությունից․ - «Առանց հոգեկան մտերմության չես կարող խաղալ»:

Ժակլին Բիսեթը նշեց, որ հրաշալի խաղընկերներ է ունեցել: Շեշտեց, որ կարելի է երջանիկ լինել նաև առանց ամուսնացած լինելու․ - «Ո՞վ է ասում, որ ամուսնությունն ու երջանկությունը հոմանիշներ են»:

Իրեն երբեք չի համարել աշխարհի ամենագեղեցիկ դերասանուհին, թեև այդպիսի կոչում նրան շնորհվել է: Պատմեց, որ 20 տարեկանում մի առիթով շոտլանդացի հայրն իրեն ասել է՝ բավական է քեզ նայես հայելու մեջ, մի քիչ էլ ուրիշներին նայիր դրսում: «Այդպես էլ անում եմ մինչև հիմա», - նշեց Ժակլին Բիսեթը: