Բեռլինը սպառնում է Թուրքիայից դուրս բերել իր զինվորներին

Գերմանիայի օդուժի Tornado տիպի ինքնաթիռները՝ «Ինջիրլիք»-ի ռազմաբազայում, արխիվ

Գերմանացի քաղաքական գործիչները վստահ են՝ Անկարան իր գործողություններով պատասխանում է «Բունդեսթագ»-ին, որն անցած ամիս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Գերմանիան դուրս կբերի իր զինվորներին Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից, եթե Անկարան շարունակի փակ պահել ռազմակայանը «Բունդեսթագ»-ի պատգամավորների առջև: Երեկ Mitteldeutsche Zeitung-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ԳՖՀ փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը՝ այդպիսով էլ ավելի ակնհայտ դարձնելով հակասությունները ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակից երկրների միջև: «Գերմանիայի բանակը հաշվետու է խորհրդարանի առջև, և եթե մեր պատգամավորները իրավունք չպիտի ունենան՝ այցելելու իրենց զինվորներին, ուրեմն բանակը չի կարող մնալ այդ երկրում, դա միանշանակ է»,- ասել է Զիգմար Գաբրիելը:

Գերմանիան այժմ մոտ 250 զինվոր ունի «Ինջիլիք»-ում, որոնք ՆԱՏՕ-ի բազմազգ ուժերի կազմում պայքարում են «Իսլամական պետության» դեմ՝ թռիչքներ իրականացնելով Tornado տիպի հետխուզական օդանավերով: Ի սկզբանե նախատեսվում էր, որ այս ամսվա սկզբին «Բունդեսթագ»-ի պատգամավորները, երկրի պաշտպանության նախարարի ուղեկցությամբ, կայցելեն գերմանացի զինծառայողներին: Շաբաթներ առաջ, սակայն, Անկարան արգելեց գերմանացի պատգամավորներին՝ մտնել ռազմակայան:

«Ոչ զինվորականների, հատկապես քաղաքական գործիչների մուտքը «Ինջիրլիք» նպատակահարմար չենք համարում»,- անցած շաբաթ հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Թեև պաշտոնապես այս մասին չի հաղորդվում, սակայն, լրատվամիջոցներն ու գերմանացի քաղաքական գործիչները վստահ են՝ իրականում սա Անկարայի պատասխանն է «Բունդեսթագ»-ին, որն անցած ամիս գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Անկարայի այս որոշումը սպառնում է ոչ միայն խորացնել թուրք-գերմանական հակասությունները, այլև վնաս հասցնել ՆԱՏՕ-ի ռազմական ծրագրերին: Համենայն դեպս, «Բունդեսթագ»-ի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վոլֆանգ Հելմիխը «Բիլդ»-ին անցած շաբաթ ասել է, թե գերմանական խորհդարանը կարող է դեմ քվեարկել իր զինվորների հետագա մասնակցությանը՝ Սիրիայում ՆԱՏՕ-ի համատեղ ռազմական գործողություններին: «Հուսով եմ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հասկանում է, թե ինչ կարևորություն ունեն գերմանացի զինվորներն այդ ծրագրում»,- ասել է գերմանացի բարձաստիճան պաշտոնյան:

Արդեն մի քանի շաբաթ է՝ այս հարցը դարձել է ամենաքննարկվողներից մեկը երկրում: «Թող բոլորն իմանան, որ գերմանացի զինվորները «Ինջիրլիք»-ում երկար չեն մնա, եթե համապատասխան վերաբերմունք չլինի»,- շաբաթվա սկզբին հայտարարեց «Բունդեսթագ»-ի նախագահ Նորբերտ Լամերտը: Կանցլեր Անգելա Մերկելը, ըստ պաշտոնական հաղորդումների, շաբաթվա ակզբին փորձել է հարթել այս տարաձայնությունը Թուրքիայի նախագահի հետ Վարշավայում ունեցած հանդիպման ժամանակ, սակայն, ապարդյուն:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Էրդողանը Մերկելի առջև պայման է դրել՝ պահանջելով հայտարարել, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը չի արտահայտում Գերմանիայի կառավարության տեսակետը, ինչին կանցլերը չի համաձայնել: «Քաղաքականության պատմության մեջ սա առաջին դեպքը չէ, երբ խնդիրը չի լուծվում առաջին իսկ քննարկմամբ»,- հայրենիք վերադառնալուց հետո ասել է Անգելա Մերկելը, հավելելով, թե բանակցությունները շարունակվում են՝ «Լուծում, սակայն, դեռևս չկա»:

Գերամանցի պատգամավորնեը չեն ընկրկում. Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միության պատգամավորներից մեկը՝ Քրիշտիան վոն Շտետենը հայտարարել է, թե մտադիր է հաջորդ ամիս իր միջոցներով, որպես անհատ քաղաքացի, այցելել «Ինջիրլիք»: «Մեր պարտքն է գնալ և համոզվել՝ ինչ վիճակ է տեղում»,- հայտարարել է իշխող կուսակցության պատգամավորը: Պաշտոնական Անկարան առայժմ այս մտադրությանը որևէ կերպ չի արձագանքել: