Չի հստակեցվում Իրանից լրացուցիչ ներմուծվելիք գազի ծավալը

Ռուսական «Գազպրոմ Արմենիան» հայտարարում է, որ առաջիկա մեկ ամսում Հայաստան մատակարարվող իրանական գազը ոչ թե գնելու է, այլ ձեռք է բերելու փոխանակման սկզբունքով:

Ժամանակ առ ժամանակ իրանական գազի գնման հարցը դառնում է սուր քննարկումների առարկա՝ այն համատեքստում, թե ինչու է Հայաստանը գազը գնում միայն Ռուսաստանից:

Իշխանությունները հայտարարում են, որ իրանական գազը թանկ է ռուսականից: Ի պատասխան Երևանում Իրանի նախկին դեսպան Մուհամադ Ռայիսին դեռ 2013 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն երբեք չեն բանակցել Թեհրանի հետ գազի գնման շուրջ, այլև Իրանը ինքն է որոշում ինչ գնով գազ վաճառել և կարող է անգամ առաջարկել 100 դոլարով:

«Գազպրոմ Արմենիայի» լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանն այսօր «Ազատությանը» նաև չհստակեցրեց, թե ընկերությունը ինչ ծավալի իրանական գազ է ստանալու առաջիկա մեկ ամսում՝ հավելելով, որ «Գազպրոմ Արմենիան» գազը ձեռք չի բերում անմիջականորեն Իրանից, այլ ստանում է Երևանի ՋԷԿ-ից, որն էլ Իրանից կապույտ վառելիքը ձեռք է բերում «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի շրջանակում․ - «Երևանի ՋԷԿ-ն ա պայմանագրային կողմ հանդիսանում Իրանի հետ, վերցնելու ա գազը Երևանի ՋԷԿ-ը: Դրա համար դիմել ա կառավարությունը, ոչ «Գազպրոմ Արմենիան»»:

Հարցին, թե ինչ գնով է «Գազպրոմ Արմենիան» գազը գնելու Երևան-ՋԷԿ-ից, Սարդարյանը պատասխանեց․ - «Մենք գնով ձեռք չենք բերում: Գործարքը ձևակերպվում է հետևյալ կերպ․ մեր և Երևան-ՋԷԿ-ի պայմանագրի շրջանակում փոխանակման սխեմայով: Այսինքն՝ հիմա կվերցնենք, իսկ հետո [նույն ծավալով] կտանք Երևանի ՋԷԿ-ին»:

Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հեռախոսազրույցի ընթացքում իրանական կողմը համաձայնել է մեծացնել Հայաստան առաքվող բնական գազի ծավալները, քանի որ, ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության լրատվական ծառայությունը, «Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով հուլիսի 10-ից օգոստոսի 10-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է»:

«Հանրապետության ներքին սպառման պահանջարկը օրական միջինը 3.3 միլիոն է․ հիմնական մասը վերցնելու ենք պահեստարանից, մնացած մասը՝ Երևան-ՋԷԿ-ից», - մանրամասնեց Սարդարյանը՝ հրաժարվելով հրապարակել կոնկրետ ծավալները:

Սարդարյանի խոսքով, մինչև օգոստոսի 10-ը Հայաստանի գազի պահանջարկը բավարարելու համար «Գազպրոմ Արմենիան» չի կարող օգտագործել միայն գազապահեստարանում առկա գազը, որովհետև այն ունի ռազմավարական նշանակություն և պահեստարանը կրկին լցնելու համար ժամանակ է հարկավոր:

Միաժամանակ, իրանական կողմը հայտարարում է, որ առաջիկա երեք տարիներին երեք անգամ մեծացնելու է Հայաստան առաքվող բնական գազի ծավալները՝ հասցնելով օրական երեք միլիոն խորանարդ մետրի: Իրանական «Իսնա» լրատվական գործակալությունը փոխանցում է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելիի խոսքերը, թե Հայաստան իրանական գազի արտահանման ծավալների մեծացումը կապված է հայկական կողմի ծրագրերի հետ՝ շարք մտցնել էլեկտրաէներգիայի արտադրության նոր հզորություններ:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թառփոշյանին այսօր հարցրեցինք՝ հնարավո՞ր է, որ հետագայում Հայաստանն ի վերջո դիվերսիֆիկացնի գազի ձեռք բերումը և կապույտ վառելիք սկսի գնել նաև Իրանից:

«Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել», - արձագանքեց Թառփոշյանը։

Էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանի խոսքով, Իրանից Հայաստան գազի ստացումը նախևառաջ քաղաքական հարց է, սակայն փաստն այն է, որ նման տեխնիկական հնարավորությունն առկա է, քանի որ Իրան - Հայաստան գազատարն այսօր աշխատում է իր հզորության ընդամենը 30 տոկոսի չափով:

«Իրանից գազի ծավալների ներկրումը Հայաստան կարելի է բավական բարձրացնել՝ մինչև 2.5 -3 միլիոն խորանարդ մետր օրական», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարջանյանը՝ շարունակելով․ - «Ինչ վերաբերում է գնային հարցերին, դա ավելի հարում է քաղաքական դաշտին: Ինչպես գիտեք, Հայաստանը ռուսական «Գազպրոմի» հետ ունի որոշակի պայմանավորվածություն և ենթարկվում է այդ պայմանավորվածություններից բխող որոշակի հետևանքների: Կարծում եմ, որ ռուսական «Գազպրոմին» այնքան էլ ձեռնտու չէ Հայաստանում նոր, այլընտրանքային գազի մատակարարի հայտնվելը։ Բայց կարծում եմ, որ այդպիսի մատակարարի հայտնությունը Հայաստանի համար անխուսափելի է»: