Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հրապարակած հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը դիմել է Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալներն ավելացնելու հարցով, քանի որ Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով հուլիսի 10-ից օգոստոսի 10-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Իրանական կողմը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին:
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: