Դեյվիդ Քեմերոնը վերջին անգամ կառավարության նիստ անցկացրեց

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոն

Վաղն արդեն Մեծ Բրիտանիան նոր վարչապետ կունենա: Ավելի քան քառորդ դար տևած ընդմիջումից հետո բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնը կրկին կին է զբաղեցնելու` ներքին գործերի ներկայիս նախարար Թերեզա Մեյը: Մեյը երկրորդ կին վարչապետը կդառնա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ՝ Մարգարեթ Թեթչերից հետո:

Նախապես ենթադրվում էր, որ գործող վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, ինչպես և խոստացել էր Եվրամիությունից դուրս գալու հարցով հանրաքվեի անակնկալ արդյունքից հետո, պաշտոնից կհեռանա սեպտեմբերին: Իշխող Պահպանողական կուսակցության ներսում ծավալված խմորումները, սակայն, ի վերջո արագացրեցին իրադարձությունների ընթացքը: Մի քանի ժամ այն բանից հետո, երբ ներկուսակցական պայքարում Թերեզա Մեյի միակ հակառակորդը` Անդրեա Լեդսոմը, երկուշաբթի օրը հայտարարեց նախընտրական պայքարը լքելու մասին, վարչապետ Քեմերոնը հանդես եկավ հայտարարությամբ:

«Ակնհայտ է, որ վերջին զարգացումներից ելնելով՝ մենք երկարատև անցումային շրջանի կարիք այլևս չունենք: Վաղն արդեն ես վերջին անգամ կվարեմ կառավարության նիստը, չորեքշաբթի օրը կմասնակցեմ Համայնքների պալատում կազմակերպվելիք կառավարության հարցուպատասխանին, որից հետո կմեկնեմ թագավորական պալատ և կներկայացնեմ իմ հրաժարականը: Մինչև չորեքշաբթի երեկո նոր վարչապետը մուտք կգործի իմ թիկունքում գտնվող այս շենք», - Դաունինգ Սթրիթ 10 հասցեում հավաքված լրագրողներին էր ասում վարչապետ Քեմերոնը:

Ի դեպ, ակնհայտ էր, որ պաշտոնից հեռացող Քեմերոնի տրամադրությունը շատ բարձր էր: Իր հայտարարությունն ավարտելուց հետո Քեմերոնը չպատասխանեց լրագրողների հարցերին և դանդաղ քայլերով մուտք գործեց վարչապետի նստավայր` քթի տակ ինչ-որ բան երգելով:

Քեմերոնի կառավարության վերջին նիստը մեկնարկեց այսօր կեսօրին և շարունակվեց շուրջ մեկ ժամ:

Փակ դռների ետևում կայացած նիստի ընթացքում Քեմերոնը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին համատեղ աշխատանքի համար, նշելով, թե՝ հպարտ է վեց տարվա աշխատանքի և 215 անգամ կառավարության նիստերը նախագահելու համար:

Մամուլի ներկայացուցիչների հետ շփվելու ցանկություն, գոնե այս պահին, Դեյվիդ Քեմերոնը չունի: Դաունինգ Սթրիթում հերթապահող տասնյակ լրագրողները, սակայն, այսօր մեկ այլ հետաքրքրական դրվագի ակնատեսն են դարձել․ կառավարության նիստից հետո վարչապետի նստավայրի տարածք մի բեռնատար է մուտք գործել, որով, ըստ բրիտանական լրատվամիջոցների, Դեյվիդ Քեմերոնն առաջիկա ժամերին կտեղափոխի իր անձնական իրերը: Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը 1902 թվականից ի վեր նաև կառավարության ղեկավարի և նրա ընտանիքի կեցավայրն է:

Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետը՝ Թերեզա Մեյը

Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետը՝ Թերեզա Մեյը, 59 տարեկան է: Նա մասնագիտությամբ աշխարհագրագետ է, ավարտել է Օքսֆորդի համալսարանը: Քաղաքականություն Մեյը մուտք է գործել 90-ականներին, Համայնքների պալատի անդամ է ընտրվել 1997-ին: Մինչև ներքին գործերի նախարար նշանակվելը Թերեզա Մեյը երկու տարի շարունակ զբաղեցրել է կանանց իրավահավասարության հարցերով նախարարի պաշտոնը: