ԼՂ կառավարության հատուկ հաշվեհամարին մոտ 10 մլն դոլար է փոխանցվել

ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը զրուցում է «Ազատության» հետ:

ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի խոսքով՝ Ղարաբաղի կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցված գումարը բավարար չէ պաշտպանական խնդիրները լուծելու համար։

Ապրիլյան քառօրյա պատերազմական գործողությունների ժամանակ բացված հատուկ հաշվեհամարին հուլիսի 1-ի դրությամբ մոտ 10 միլիոն դոլար գումար է փոխանցվել, որի կեսը, Աղաբեկյանի փոխանցմամբ, արդեն ծախսվել է։

«Մեծ գումարների կարիք կա պաշտպանական համակարգի ամբողջական վերանայման համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետը՝ հավելելով․ - «Ինչ վերաբերում է՝ ինչ ունենք, այն ունենք և պետք է փորձենք մաքսիմալ ճիշտ գումարներն օգտագործելով հասնենք ճիշտ նպատակին, այդ խնդիրը կատարվել է»:

Նրա կարծիքով, ապրիլյան պատերազմից հետո հասարակությունը բավականին լավ տեղեկացավ Պաշտպանության բանակի խնդիրների մասին։ Ասաց, որ մեծ աշխատանք է կատարվել գիշերային դիտարկման հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ, կապն են արդիականացնում, նաև մեծածավալ ինժեներական աշխատանքներ են տարվել․ - «Հակառակորդի ռազմական գործողությունների ձևը ցույց տվեց, որ ինժեներական այն կառույցները, որ առկա են կլասիկ պատերազմը վարելու ժամանակ, բավարար չէ: Եվ հակառակորդի՝ օդից խոցելու հնարավորություններին միակ դիմակայման ձևը ճիշտ ինժեներական կառույցներն են: Համարեք, որ այնքան մեծ խնդիր է լուծվել, որ այսօր ողջ առաջնագիծը ինժեներական առումով, կարելի է ասել, որ ամբողջական կահավորված է»:

Հավաքված գումարից մոտ 1.5 միլիոն դոլարով Ղարաբաղի կառավարությունը ռազմական տեխնիկա և սարքավորումներ է ձեռք բերել: Աղաբեկյանը փակագծերը չբացեց, բայց ասաց, որ մեծացրել են անձնակազմի խոցելու կարողությունները։

Հարցին՝ եթե հանգանակված գումարը քիչ է, ապա ինչո՞ւ պետությունը չի ավելացնում բանակի ֆինանսավորումը, ԼՂ փոխվարչապետը պատասխանեց․ - «Միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների շրջանակ գոյություն ունի, որտեղ համախառն ներքին արդյունքից ձևավորվող պաշտպանական ծախսեր հասկացություն կա: Հայաստանի Հանրապետությունը իրեն չի կարող թույլ տալ ՀՆԱ-ի տասը տոկոսով կամ տասնհինգ տոկոսով պաշտպանական ծախսեր իրականացնի: Ավելի լավ է հարցնես՝ ի՞նչ պետք է անել, ի՞նչ կարելի է անել, որ Հայաստանը ավելի մեծ տնտեսություն ունենա, ավելի բարձր համախառն ներքին արդյունք ունենա, որից ավելի մեծ պաշտպանական ծախսեր առաջանան»:

Հավաքված գումարի ծախսերի հաշվետվությունը օրերս Ղարաբաղի վարչապետը նաև խորհրդարանում փակ հանդիպման ժամանակ էր ներկայացրել։

Հանդիպմանը ներկա ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի կարծիքով, հավաքված գումարով հնարավոր չէ քառօրյա պատերազմից հետո առաջացած հիմնական խնդիրները լուծել․ - «Հիմնական խնդիրները, որ ի հայտ են եկել, դա փաստորեն տեխնոլոգիական հետընթացն էր, ադրբեջանական բանակի տեխնոլոգիական առավելությունն էր․․․ այս պահին էլ լուծված չէ: Դա ենթադրում է մեծածավալ ներդրումներ, դա ենթադրում է որոշակի սպառազինության ձեռք բերում»:

Խանումյանի կարծիքով, բանակի ֆինանսավորումը չի ավելանում նաև տնտեսական խնդիրների պատճառով։

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը Զինված ուժերի ֆինանսավորումը ավելացնելու նպատակով մի քանի այլ պատգամավորների հետ առաջարկում է ստեղծել ազգային տուրքի գաղափար, երբ եկամտի ինչ-որ մաս պարտադիր կուղղվի պաշտպանության կարիքներին․ - «Դա կարող է կազմել մեր ընդհանուր եկամուտների մեկ տոկոսը, երկու տոկոսը․․․ Սա, իհարկե, նախնական գաղափարներ են, որոնք քննարկման անհրաժեշտություն ունեն: Բայց այն, որ անհրաժեշտ է այդ գումարները ավելացնել և ավելի նպատակային դարձնել, սա միանշանակ է»:

Այս գաղափարին համաձայն է նաև ընդդիմադիր Հայկ Խանումյանը: Պատգամավորները կարծում են, որ սկզբնական շրջանում տուրքը կարող է գործել Ղարաբաղում, այնուհետև՝ նաև Հայաստանում և Սփյուռքում։