ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջադրված Մադրիդյան փաստաթուղթը ենթադրում է ղարաբաղյան հիմնախնդրի՝ փոխադարձ զիջումների վրա հիմնված փաթեթային լուծում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ Panorama.am գործակալության խնդրանքով մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փուլային կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները:
«Այդ փաթեթային կարգավորման առանցքային տարրերից մեկն է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը՝ համապատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ասել է Քոչարյանը՝ շարունակելով․ - «Ընդհանուր առմամբ, Մադրիդյան փաստաթղթի, այդ թվում՝ հանրաքվեի գաղափարի ընդունումը՝ որպես բանակցային գործընթացի հիմք, հանդիսացել է Հայաստանի Հանրապետության լուրջ փոխզիջումը, քանի որ Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ հանրաքվեն անցկացվել է դեռևս Խորհրդային Միության փլուզումից առաջ՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և Խորհրդային Միության՝ այդ ժամանակ գործող Սահմանադրությանն ու օրենսդրությանը լիակատար համապատասխանությամբ»:
«Նոր հանրաքվեի գաղափարը միջնորդների կողմից հիմնավորվում էր նրանով, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությանը ժամանակ տրամադրվի իր բնակչությանն այդ հանրաքվեի անցկացման անխուսափելիությանը, ինչպես նաև երկարատև խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին նախապատրաստելու համար: Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը Մադրիդյան փաստաթղթի ընդունումից հետո ընկած ժամանակահատվածն օգտագործեց բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրելու, հայերի դեմ ատելություն սերմանելու, իր բնակչությունը պատերազմի նախապատրաստելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ սահմանի երկայնքով լարվածություն պահպանելու և սադրիչ գործողություններ իրականացնելու համար», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալը՝ որպես նմանօրինակ քաղաքականության տրամաբանական շարունակություն մատնանշելով «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը, ինչը հանդիսանում է 1994-95թթ. զինադադարի ռեժիմի հաստատման և զինադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, անժամկետ համաձայնագրերով իր միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում»:
«Ադրբեջանական ագրեսիան իրականացվում էր միջազգային մարդասիրական իրավունքի՝ ԴԱԵՇ-ի դաժանությանը չզիջող կոպտագույն խախտումներով, ներառյալ՝ դպրոցները հրետակոծելը, որի արդյունքում զոհվեցին և վիրավորվեցին երեխաներ, տարեց անձանց կտտանքների ենթարկելը, խեղելը և սպանելը, ինչպես նաև զինվորներին գլխատելը: Ընդ որում, Ադրբեջանի նախագահը ցուցադրաբար պարգևատրեց հայ ռազմագերուն գլխատած բարբարոսին ճիշտ այնպես, ինչպես ժամանակին հերոսացրել էր Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ զինծառայողի կացնահարած մեկ այլ բարբարոսի», - ասել է Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը փորձ է արել Ադրբեջանի ղեկավարությանը տալ քաղաքակիրթ կառուցողական հուն վերադառնալու հնարավորություն․ - «Դրա համար Բաքուն պետք է համաձայնեցնի և կյանքի կոչի մայիսի 16-ին Վիեննայում ձեռք բերված և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում վերահաստատված համաձայնությունները և նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանը: Սակայն Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները վկայում են այն մասին, որ Բաքուն կորցնում է միջնորդների կողմից իրեն ընձեռնված նաև այդ հնարավորությունը»:
«Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան հստակորեն ցուցադրեց իր ղեկավարության անկարողությունը՝ հետևելու իր իսկ կողմից ստորագրված համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին, և ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային կարգավորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումով և Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված տարածքները վերադարձնելու պատրաստակամության մասին հայտարարությամբ», - շեշտել է Շավարշ Քոչարյանը՝ ամփոփելով․ - «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ, և հակամարտությունը պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի համար պատասխանատվության շրջանակներում»: