Մոսկվան Բաքվի հետ կնքելու է սպառազինության վաճառքի նոր պայմանագրեր

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Բաքու, 12-ը հուլիսի, 2016թ.

Ստեփանակերտում հիշեցնում են՝ ռուսական զենքը Ադրբեջանը կիրառել է հայկական խաղաղ բնակավայրերի դեմ:

«Մոսկվայում պետք է հասկանան, որ Ադրբեջանին վաճառած ռուսական զենքը կիրառվում է հայկական խաղաղ բնակավայրերի նկատմամբ», - «Ազատության» հետ զրույցում այսպես արձագանքեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը Բաքվում Ռուսաստանի դեսպանի հայտարարությանը, թե Մոսկվան սպառազինության մատակարարման նոր պայմանագրեր է կնքելու Ադրբեջանի հետ:

«Այս քառօրյա պատերազմը ևս մեկ ազդակ պիտի լինի Ռուսաստանին և այլ պետություններին: Իսրայելը մատակարարում է անօդաչու թռչող սարքեր, որոնք նույնպես ակտիվորեն կիրառվել են Ադրբեջանի կողմից: Այլ պետությունները․․․ Թուրքիան, մասնավորապես: Թուրքիայի պարագայում հասկանալի է, բայց մենք չենք հասկանում, երբ որ մատակարարում են երկրներ, որոնք հայ ժողովրդի հետ բարեկամական կապեր ունեն: Նույն Ռուսաստանը, մի շարք այլ երկրներ», - հավելեց Բաբայանը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցին ընդառաջ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ադրբեջանը վերջին տարիներին դարձել է Ռուսաստանի առաջատար գործընկերներից մեկը, ռուսական սպառազինության մատակարարումները Ադրբեջան շարունակվում են՝ համաձայն կնքված պայմանագրի, և Մոսկվան մտադիր է զենքի վաճառքի նոր պայմանագրեր կնքել Բաքվի հետ:

Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի համաձայն, 2011-2015 թվականների ընթացքում, 2006-2010 թվականների համեմատ, Ադրբեջանը յոթ անգամ ավելացրել է սպառազինության ներմուծումը Ռուսաստանից, նախորդ հինգ տարիներին ռուսաստանյան սպառազինության ողջ արտահանման 4.9 տոկոսը գնացել է Ադրբեջան: Ռուսական մամուլի գնահատմամբ, խոսքը 5 միլիարդ դոլարի հասնող գործարքների մասին է:

Դավիթ Բաբայանը ընդգծեց, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և բազմիցս հայտարարել է, որ կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն միաժամանակ Ադրբեջանին վաճառում է հարձակողական նշանակության սպառազինություն․ - «Կարծում ենք, որ սա չի կարող չանհանգստացնել հայկական կողմին, այդ թվում նաև Արցախին: Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի պես պետության հետ չպետք է նման պայմանագրեր կնքվեն, նման համագործակցություն ընթանա»:

Հայաստանը ամենաբարձր մակարդակով մեկ անգամ չէ, որ հրապարակավ իր դժգոհությունն է արտահայտել ռազմավարական դաշնակցի նման քաղաքականության կապակցությամբ, սակայն, ինչպես տեսնում ենք, Կրեմլը մտադիր է սպառազինության վաճառքի նոր պայմանագրեր կնքել Բաքվի հետ:

Ապրիլյան պատերազմից ընդամենը օրեր էին անցել, երբ Ռուսաստանի փոխվարչապետ և Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի պատասխանատու Դմիտրի Ռոգոզինը դարձյալ Բաքվում էր: Արձագանքելով Հայաստանից հնչող քննադատությանը՝ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան ապրիլին Эхо Москвы ռադիոկայանի եթերում «դեմագոգիա» և «քարոզչական փսլինք» անվանեց այն:

Անցած տարի Ռուսաստանը համաձայնեց Հայաստանին տրամադրել 200 միլիոն դոլար վարկ, որը պետք է ուղղվի ռուսական սպառազինության ձեռքբերմանը: Դեռ ապրիլին, Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհեց, թե գործընթացը դանդաղել է:

Աբրահամյանի հրապարակային դժգոհությունից անցել է ավելի քան երեք ամիս: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից այսօր հետաքրքրվեցինք՝ Հայաստան ռուսական սպառազինության մատակարարման հետ կապված նորություն կա՞: «Ամեն ինչ ընթանում է իր գրաֆիկով», - արձագանքեց Հովհաննիսյանը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով, Ռուսաստանի նման պահվածքը պարզորոշ ցույց է տալիս, որ Կրեմլը չի հարգում դաշնակից Հայաստանին․ - «Ռուսաստանը անուղղակիորեն հայտարարում է, որ ինքը այնքան էլ դեմ չէ, որ հակամարտությունը լուծվի ռազմական ճանապարհով: Եվ պետք է հենց այս պահին ֆիքսենք, որ Ռուսաստանը տարածաշրջանում մեծացնում է հակամարտության վերաբռնկման ռիսկերը»: