Աշխատանքային այցով Բաքու ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին երկուշաբթի օրը ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդիրը և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ընդ որում՝ Լավրովն ընդգծել է, որ Ղարաբաղի խնդիրը քննարկում է Ալիևի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ:
«Ձեր մոտեցումը Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը մենք շատ ենք գնահատում: Գործընթացն իրոք առաջ է շարժվում: Նախագահ Պուտինին գոհացնում են Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների արդյունքները: Ինչպես Դուք ասացիք, նրա հանձնարարությամբ ես այցելում եմ մայրաքաղաքներ [Երևան և Բաքու]: Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը կօգնի մեզ ավելի հստակեցնել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում մեր հետագա քայլերը», - Ադրբեջանի նախագահին ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ալիևը նույնպես հանդիպմանը խոսել է ղարաբաղյան բանակցություններում Ռուսաստանի արդյունավետ դերի մասին: Նա հավաստիացրել է Լավրովին, որ Ադրբեջանը բարձր է գնահատում թե՛ ռուսական կողմի, թե՛ անձամբ Պուտինի ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում:
Ալիևը Լավրովի միջոցով առանձին շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած հանդիպման համար: Եռակողմ հանդիպումը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում նա որակել է որպես արդյունավետ և դրական:
Ադրբեջանի նախագահն ընդգծել է նաև, որ այսօր բանակցային գործընթացն ակտիվացել է: «Ինչքան ես եմ հիշում, այսօրվա բանակցություններն ամենադինամիկն են», - հայտարարել է նա՝ հույս հայտնելով, որ դրանք այդպես էլ կշարունակվեն:
Ալիևի փոխանցմամբ՝ Ռուսաստանը շահագրգռված է ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ:
«Ձեր այսօրվա այցը Բաքու, իսկ մինչ այդ՝ Երևան, ևս վկայում են, որ Ռուսաստանը որպես երկու հակամարտող կողմերի բարեկամ և հարևան երկիր անկեղծորեն շահագրգռված է խնդիրը կարգավորել: Մենք էլ, բնականաբար, շահագրգռված ենք, որ մեր տարածաշրջանում լինի խաղաղություն և անվտանգություն», - երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Այսօր Սերգեյ Լավրովը հանդիպելու է իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: