Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը

Հուլիսի 10-ի երեկոյան Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը:

«Փառատոնը ամբողջությամբ նվիրված է Անկախության 25-ամյակին, բայց որպեսզի մենք ապացուցենք, որ մենք չենք թուլացել և չենք հուսահատվել կամ չենք տխրել ինչ-որ պակաս բաներից, ծրագրի առումով զարմանալի է՝ ամբողջ աշխարհի լավագույն ֆիլմերը բերված են Հայաստան», - ասում է փառատոնի հիմնադիր-նախագահ Հարություն Խաչատրյանը:

«Ոսկե ծիրանի» մեկնարկը տրվեց Համո Բեկնազարյանի «Զարե» համր ֆիլմի ցուցադրությամբ: Ըստ փառատոնի կազմակերպիչների, «Զարե» ֆիլմի ընտրությունը պատահական չէր՝ այս տարի լրանում է ֆիլմի ստեղծման 90-ամյա հոբելյանը:

Ֆիլմը պատմում է Անդրկովկասում թափառող քրդերի և ցարական պաշտոնյաների դեմ նրանց պայքարի մասին: Քուրդ աղջիկն ու պատանին պաշտպանում են իրենց սիրո և միասին լինելու իրավունքը: Համո Բեկնազարյանն այս համր ֆիլմի նկահարանումներում ներգրավել է մեծաթիվ քրդերի և եզդիների, ինչպես նաև այնպիսի արտիստների, ինչպիսիք են Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Օլգա Գուլազյանը և ուրիշներ:

Երիտասարդ քուրդ ռեժիսոր Մյուջե Արսլանը ասել էր՝ «Զարեն» քրդական առաջին ֆիլմն է, որից հետո քրդական կինոն լռել է մինչև 1991 թվականը:

Այսօրվանից «Ոսկե ծիրանի» թե՛ մրցութային, թե՛ արտամրցութային ծրագրերի շրջանակներում կինոարվեստի հայ երկրպագուները հնարավորություն կունենան դիտել տարբեր ազգությունների ռեժիսորների կողմից նկարահանված 135 խաղարկային, վավերագրական և այլ ֆիլմեր:

Կինոփառատոնի շրջանակներում այսօր մեկնարկեց Հայաստան - Թուրքիա կինոպլատֆորմը, սկսվեց նաև «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը՝ Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմի ցուցադրությամբ: Այսօր «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի ունեցավ նաև նոր՝ բասկյան կինո ծրագրի մեկնարկը՝ Լարա Իսախիռեի «Աշուն առանց Բեռլինի» ֆիլմի ցուցադրությամբ: Վարպետության դաս անցկացրեց Ֆրեդ Քելեմանը: