Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Վարշավայում վերջին մոտ երկու ամիսներին ընթացող բանակցություններում հիմնական շեշտը դրվում է խաղաղության ամրապնդման, ոչ թե հակամարտության կարգավորման վրա: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով նախօրեին Լեհաստանի մայրաքաղաքում կայացած Հայաստանի նախագահի ու ԱՄՆ պետքարտուղարի հանդիպմանը:
«Այո, կարծում են, որ դրա վրա է հիմնական շեշտադրումը կատարվում, որովհետև այլ տարբերակ պարզապես հնարավոր չէ: Մենք երկար ժամանակ է դրա մասին խոսացել ենք, այս ստորին օղակը անտեսված է եղել, բայց չէ՞ որ սա էլ է նույնպես կարևոր․ եթե չլինի այդ մեխանիզմները, որպեսզի ինչ-որ ձևով վերահսկվի հրադադարի ռեժիմի խախտումները, պատասխանատվության կանչվեն այն կողմերը, որոնք իրականացրել են այդ խախտումները, դժվար կլինի և միգուցե նաև անհնարին՝ անցնել այլ արդեն ոլորտներ, այլ շերտեր՝ ավելի բարձր, և խոսել քաղաքական խնդիրների մասին», - ընդգծեց Բաբայանը:
Երեկ Վարշավայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, որի ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր։
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության ներկայացմամբ, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների շարունակական ջանքերը` ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը:
Երեկ Լեհաստանի մայրաքաղաքում Քերրին հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այդ հանդիպումներից հետո թվիթերյան իր էջում գրեց, որ Քերրին, Սարգսյանն ու Ալիևը մերժում են պատերազմը, նվիրված են բանակցություններին, և որ Միացյալ Նահանգները պատրաստակամ է օգնել:
«Մենք ակնկալում ենք, որ այս հանդիպումները ինչ-որ ձևով կնպաստեն խաղաղության և կայունության պահպանմանը, և ամենակարևորը՝ հիմա քանի որ աշխատանքները ընթանում են այդ մեխանիզմների մշակման և ներդրման ուղղությամբ, կարևոր դերակատարություն կունենան այդ հանդիպումները տվյալ բնագավառում», - ասաց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի խոսքով, եթե ղարաբաղյան ներկայիս բանակցություններում հայկական կողմը իր ջանքերն ուղղել է խաղաղության ամրապնդմանը, ապա ադրբեջանցիները նախևառաջ ցանկանում են հաջողության հասնել խնդրի կարգավորման գործում:
«Այս պահին, ինչքան որ իմ մոտ տպավարություն է ստեղծվում, և՛ Վիեննայի հանդիպումը, և՛ մասամբ նաև Սանկտ Պետերբուրգի հանդիպումը, բնականաբար, ավելի շատ ուղղված էր շփման գծի իրավիճակի ստաբիլիզացիային, և ինչքան որ ես նաև հասկացա և՛ Քերրիի հանդիպման արդյունքներում, և՛ նաև ամերիկացի համանախագահ Ուորլիքի արդեն արած հայտարարության մասին, դեռ այս պահին համանախագահները, առնվազն այս վերջին հանդիպման ժամանակ, փորձում են ստաբիլիզացնել իրավիճակը և միգուցե դրա հիման վրա հետագայում նոր վերադառնալ քաղաքական կարգավորման այդ բաղադրիչին», - ասաց Մինասյանը:
«Այս տարի կամ տեսանելի հեռանկարում ճեղքում տեսնո՞ւմ եք ղարաբաղյան կարգավորման գործընթացում, կամ իրավիճակի փոփոխություն տեսնո՞ւմ եք, ստատուս քվոյի փոփոխություն տեսնո՞ւմ եք՝ ռազմական գործողությունների միջոցով, բանակցությունների միջոցով», - «Ազատության» այս հարցին վերլուծաբանը արձագանքեց․ - «Չեմ պատկերացնում, առավել ևս՝ ապրիլյան իրադարձություններից հետո, որ հակամարտող կողմերի մոտեցումները որևէ ձևով մերձեցել են: Կարծում եմ՝ տեղի ունեցավ հակառակը: Հետևաբար, այդ ֆոնի վրա սպասել, որ կոմպրոմիսների վրա հիմնված ինչ-որ ճեղքում կարող է լինի քաղաքական կարգավորման ֆորմատում, ինձ թվում է՝ ոչ իրատեսական է»:
«Մյուս կողմից, նաև իրականում, կարծում եմ, որ դրանից ելնելով՝ այսպես կոչված ստատուս քվոն էապես չի փոխվել նույնիսկ ապրիլյան իրադարձոթւյուններից հետո, պարզապես այս պահին դա, կարծում եմ, ավելի վտանգավոր է, այսինքն՝ ցածր կամ միջին էսկալացիայի ռազմական բախումները ավելի հավանական են լինելու, բայց դրա հետ մեկտեղ՝ նաև որևէ ձևով չի նպաստելու քաղաքական կարգավորման հեռանկարին: Հետևաբար, ինձ թվում է՝ ավելի հավանական է, որ մենք ունենանք նոր փակուղի բանակցային գործընթացում», - ասաց Սերգեյ Մինասյանը՝ հավելելով․ - «Բայց միգուցե նաև հույս կլինի, որ եթե համանախագահ երկրների ներգրավվածությունը լինի, ապա ուրեմն մի քիչ ավելի մեծ ուշադրություն կդարձնեն շփման գծում այդ իրավիճակի բարելավմանը»: