Լավրովը եկող շաբաթ Բաքվում կքննարկի նաև Ղարաբաղի խնդիրը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հանդիպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, 6-ը ապրիլի, 2016թ․

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-ին երկօրյա աշխատանքային այցով կժամանի Ադրբեջան: Հաղորդագրությունն այդ մասին այսօր զետեղվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:

«Բաքվում նախատեսված հանդիպումների ընթացքում նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ մտքերի փոխանակություն տեղի կունենա` Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած համաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները զարգացնելու նպատակով», - նշված է հաղորդագրության մեջ:

«Ադրբեջանը մեր կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպիական տարածաշրջանում: Մենք մեր հարաբերությունները Բաքվի հետ կառուցում ենք իրավահավասարության, բարիդրացիական կապերի և փոխադարձ շահերը հարգելու հիմքի վրա», - նշված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական մեկնաբանությունում: