Ժամեր առաջ Վարշավայում մեկնարկեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Լեհաստանի մայրաքաղաք են ժամանել դաշինքի անդամ երկրների առաջնորդները` այդ թվում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: Արևմտյան ղեկավարներից բացի, հավաքին մասնակցում են նաև Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցող երկրների, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները:
Ըստ նախագահականի, Սերժ Սարգսյանը մասնակցելու է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների հավաքին, Վարշավայում ունենալու է նաև երկկողմ հանդիպումներ: Թե ում հետ` հայտնի կդառնա առաջիկա ժամերին:
Ադրբեջանի նախագահն այստեղ է երեկվանից:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց՝ ակնկալում է, որ գագաթնաժողովի եզրափակիչ ակտում անդրադարձ կլինի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Մենք կոչ ենք անում երկու կողմերին թուլացնել լարվածությունը, զերծ մնալ բռնությունից և միայն բանակցությունների ճանապարհով գտնել հակամարտության խաղաղ լուծումը: Մենք կաջակցենք հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր ջանքերին», - ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գագաթնաժողովի մեկնարկին:
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը, իր հերթին, այսօր Վարշավայում «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց․ - «Անշուշտ, մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որոնք երկուսն էլ ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերներ են, մենք մտահոգված ենք այս խնդրով, և դա առավել ակնհայտ էր ապրիլյան քառօրյա բախումների ժամանակ, որոնք իրենց բնույթով տարբերվում էին մինչ այդ արձանագրվող՝ փոքր մասշտաբի միջադեպերից»:
«Բարեբախտաբար, երկու երկրներն էլ զերծ մնացին, իմ կարծիքով, շատ վտանգավոր այդ իրավիճակից», - ասաց Ափաթուրայը՝ շարունակելով․ - «Նախագահները հանդիպեցին, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ակտիվ ջանքեր գործադրեցին, և այժմ, կարծում եմ, իրավիճակը մի փոքր ավելի լավ է, սակայն կարող է կրկին սրվել, և շատ կարևոր է, որ կարգավորման համար ավելի մեծ ջանքեր գործադրվեն»:
«Հիմա շատ գաղափարներ կան բանակցային սեղանին, Ադրբեջանի արտգործնախարարն էր վերջերս ՆԱՏՕ-ում՝ հայաստանցի գործընկերոջ այցից հետո, երկուսն էլ հստակ ներկայացրին իրենց մոտեցումները; Մենք իսկապես հավատում ենք, որ ստատուս քվոն չի կարող այսպես երկար շարունակվել, այն պետք է փոխվի, և դա պետք է արվի բանակցությունների միջոցով», - նշեց Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան:
Ադրբեջանի նախագահն արդեն հանդիպել է Վարշավա ժամանած Մինսկի խմբի համանախագահների հետ: Մինչև այս պահը, սակայն, պաշտոնապես չի հաղորդվել Սարգսյան - Ալիև հնարավոր հանդիպման մասին, թեև ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերում գրել էր, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հնարավորություն է՝ ղարաբաղյան հակամարտության հարցը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկելու համար: ՆԱՏՕ-ի նախորդ գագաթնաժողովում` երկու տարի առաջ, հենց Միացյալ Նահանգների պետքարտուղար Զոն Քերրին էր նախաձեռնել երկու նախագահների հետ հանդիպումը:
Ինչ վերաբերում է գագաթնաժողովի օրակարգին, ապա արևմտյան ռազմաքաղաքական այս դաշինքի հերթական հավաքը հավակնում է դառնալ եթե ոչ որոշիչ, ապա առնվազն առաջիկա ռազմավարությունը սահմանող, հատկապես`Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով: Ղրիմի բռնակցումից հետո դաշինքը որոշել է ամրապնդել իր ներկայությունը Կենտրոնական Եվրոպայում ու բալթյան երկրներում, ինչն ակնհայտորեն գրգռում է Մոսկվային: Գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն այսօր ընդգծեց, թե Դաշինքը «սառը պատերազմ» չի ցանկանում, բայց անելու է ամեն ինչ՝ պաշտպանելու անդամ պետությունների անվտանգությունը:
Գագաթնաժողովին, ըստ ամենայնի, հստակություն կմտցվի նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ու դրա պայմանների հարցում, թեև Դաշինքի ընդլայնման մասին ՆԱՏՕ-ում չեն շտապում խոսել: Ուկրաինայի մասով գագաթնաժողովը գործնական է տրամադրված, Կիևին գուցե աջակցության հատուկ փաթեթ առաջարկվի:
Թերևս զգուշանալով նաև եվրոպական մայրաքաղաքներ հասած ահաբեկչական գործողություններից` Լեհաստանի իշխանություններն անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկել, մայրաքաղաքը ոստիկանական խիստ հսկողության տակ է, նախագահների կեցավայր-հյուրանոցները` շրջափակված, ստուգումներ են ամենուր` կայարաններից մինչև առեւտրի կենտրոններ: Միաժամանակ, քաղաքը նաև տոնական տեսքի է բերվել, Վարշավան հյուրընկալում է ոչ միայն գերտերությունների առաջնորդների, այլև լրագրողական հարյուրավոր պատվիրակությունների ու տարբեր երկրներից ժամանած փորձագետների: