Կոստանյանը Մոսկվայում հանդիպել է Չայկային

ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկա, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 6-7-ը աշխատանքային այցով Ռուսաստանում էր: Այցի շրջանակում Մոսկվայում տեղի է ունեցել Կոստանյանի հանդիպումը Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ, որին մասնակցել են նաև երկու երկրների գլխավոր դատախազների տեղակալներ, գլխավոր դատախազությունների ստորաբաժանումների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ Գևորգ Կոստանյանը շնորհավորել է Յուրի Չայկային Ռուսաստանի գլխավոր դատախազի պաշտոնում վերընտրվելու առիթով, ընդգծելով, որ երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությունն այսուհետ է՛լ ավելի կզարգանա:

Չայկան շնորհակալություն է հայտնել Կոստանյանին և Հայաստանի ղեկավարությանը՝ քրեական դատավարության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման համար:

Ընդգծելով նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ Յուրի Չայկան նշել է, որ դրանք նպաստում են Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների համագործակցության առաջնահերթությունների սահմանմանը, այդ թվում՝ քրեական դատավարության ոլորտում միասնական մոտեցումների ձևավորման և միջազգային կազմակերպությունների շրջանակում գործողությունների համակարգման հարցերում:

Կողմերը վստահություն են հայտնել, որ հանդիպումը կնպաստի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացմանը:

Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: