Բրիտանական գրեթե բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները՝ BBC-ից մինչև The Guadian ու The Telegraph, այսօր անդրադարձել են Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերին անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»՝ ընդգծելով. Ժոզե Մոուրինյոյի այդ քայլը կարող է նոր շունչ հաղորդել «կարմիրների» ակումբին:
«Մխիթարյանը «Մանչեսթր» է գալիս Բունդեսլիգայի լավագույն հարձակվող-կիսապաշտպանի համբավը վաստակած, արագությունն ու ճարպկությունը նրան վտանգավոր են դարձնում ցանկացած իրավիճակում, բայց նա կարող է նաև ստանձնել ստեղծագործ 10-րդ համարի դերը՝ անհրաժեշտ պահի տուգանայինում հայտնվելու հնարավորությամբ», - գրել է The Guardian-ը՝ հիշեցնելով. - «Երբ Մխիթարյանին հարցրել են՝ ինչ կաներ, եթե ֆուտբոլիստ չդառնար, պատասխանել է՝ վազորդ կլինեի: Այս առումով նա շատ կարևոր ձեռքբերում է մի թիմի համար, որն անցած մրցաշրջանին երբեմն այնքան դանդաղաշարժ էր, ասես զբոսանքի էին դուրս եկել, ոչ թե ֆուտբոլ խաղալու»:
The Telegraph-ը ներկայացնում է «Մանչեսթր Յունայթեդ»-ի նորանշանակ մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերը․ - «Հենրիխը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, որն այնքան մեծ օգուտներ է բերել և՛ իր ակումբին, և՛ հայրենիքին, նա իրական թիմային խաղացող է՝ մեծ ունակություններով, տեսլականով, և լավ աչք ունի՝ հնարավոր գոլերը տեսնելու համար»:
The Guardian-ը մեջբերում է նաև Մխիթարյանի նախորդ մարզչի՝ Յուրգեն Կլոպի խոսքերը` կասկած չկա, որ նա աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, որը միաժամանակ և' արագություն ունի, և' տեխնիկայի է տիրապետում: Զարմանալի չէ, որ աշխարհի լավագույն շախմատիստները Հայաստանից են, Մխիթարյանի նման` նրանք մտածող, ստեղծագործ, աշխատասեր տեսակ են, ասել էր գերմանացի հայտնի մարզիչը:
Ինքը՝ Մխիթարյանը, երեկ «Մանչեսթր Յունայթեդ»-ին տված հարցազրույցում ասել է՝ ակումբին միանալը «մի առաջարկ էր, որ չէի կարող մերժել»: «Ոգևորված եմ, որ այստեղ եմ: Ինձ համար մեծ հնարավորություն ու նոր մարտահրավեր է խաղալ այս ակումբում, որն աշխարհի լավագույններից մեկն է: Կփորձեմ ցուցադրել իմ լավագույն որակները: Ինձ համար հաճելի կլինի խաղալ Ռունիի, Իբրահիմովիչի նման թիմակիցների հետ: Հրաշալի մրցաշրջան է սպասվում», - հայտարարել է նա:
Մարզական կարիերան հայկական «Փյունիկ»-ում սկսած և հիմա Պրեմիեր լիգա հասած Մխիթարյանը նշել է․ - «Ես երկար ճանապարհ եմ անցել մինչև այստեղ հասնելս, սակայն ինձ համար սա դեռ գագաթնակետը չէ: Ես կարող եմ ավելի հեռուն գնալ և երջանիկ եմ դրա համար, քանի որ, կարծում եմ, ամեն ինչ ճիշտ եմ արել իմ կյանքում ՝առաջ գնալով քայլ առ քայլ»:
Ի դեպ, ակնկալվում է, որ Մխիթարյանը «կարմիրների» ակումբի կազմում առաջին խաղը կանցկացնի իր հին թիմի՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ: «Մի փոքր տարօրինակ կլինի հանդիպել նախկին թիմակիցներիս հետ, այն էլ՝ հենց առաջին խաղում, բայց ինչ արած, «Մանչեսթր Յունայթեդ»-ն այժմ իմ նոր թիմն է, և պետք է սովորել դրան», - ասել է ֆուտբոլիստը:
Ի դեպ, 27-ամյա ֆուտբոլիստի մասին գրեթե բոլոր հրապարակումներում նշվում է՝ ֆուտբոլի հանդեպ սերը նա դեռ հորից է ժառանգել, ում կորցրել է 7 տարեկան հասակում:
Հենրիխ Մխիթարյանը ևս չի շրջանցել այս թեման երեկ «Մանչեսթր Յունայթեդ» ակումբին տված հարցազրույցում: «Երբ հայրս խաղում էր, ես շատ փոքր էի ֆուտբոլը հասկանալու համար, բայց երբ հայրս մահացավ, իմ երազանքը դարձավ դառնալ ֆուտբոլիստ, ես մտածում էր նրա գործը շարունակելու մասին, և հուսով եմ՝ ճիշտ ճանապարհին եմ», - ասել է նա: