Փարիզում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման փորձ անգամ չի լինի, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Հիշեցնենք, Ֆրանսիայի արտգործնախարարությունը նախօրերին հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների, վայրի և ձևաչափի հետ կապված խորհրդակցություններ են անցկացվում:
Քաղաքական մեկնաբանն ասում է՝ առկա ձևաչափն ընդհանրապես կոնֆլիկտի լուծում չի կարող ապահովել։
«Բանակցային էդ պրոցեսը լավագույն դեպքում կարող է ընդամենը որոշակիորեն հետաձգել ռազմական նոր էսկալացիայի ժամկետը՝ ապրիլյան պատերազմից հետո ընկած, բայց, միևնույն ժամանակ, ինքնին եթե շարունակվի նույն տրամաբանությամբ, ինչ եղել է մինչև հիմա էս երկու տասնամյակի ընթացքում, բացի նոր ռազմական էսկալացիայից, կարծում եմ, չի կարող որևէ այլ տեղ բերել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից յուրաքանչյուրը, Հակոբ Բադալյանի խոսքով, ունի սեփական շահը, և այդ շահերը չեն համընկնում․ - «Օրինակ, եթե ակնհայտորեն Ռուսաստանի նպատակն է որևէ կերպ իրականացնել «տարածք՝ խաղաղապահների դիմաց» էդ ծրագիրը, պլանը, որն ակնհայտորեն փորձ է արվում առաջ մղել, փորձ էր արվում դեռևս մինչև ապրիլյան պատերազմը՝ «Կազանյան պլան» ասվածի շրջանակում, ակնհայտորեն՝ էդ պլանը շարունակում է Ռուսաստանի համար ուժի մեջ լինել մինչև այժմ, ապա Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները պնդում են հրադադարի մեխանիզմների ներդրումը»:
Հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրումը, քաղաքական մեկնաբանի դիտարկմամբ, օրակարգից հանում է խաղաղապահների հարցը։ Դա կարող է նոր վիճակ ստեղծել հակամարտող կողմերի համար։ Կհստակեցվեն հրադադարի պահպանման մեխանիզմն ու պատասխանատվությունը դրա խախտման դեպքում։
«Էս իմաստով, բացի միջնորդների դիրքորոշումից, խնդիրը այն է, թե կողմերը իրենք ինչ են ուզում: Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը ուզում է ամբողջը, Հայաստանը՝ շատ անորոշ է, թե ինչ է ուզում, Հայաստանը պայման է դրել, որ բանակցությունը վերսկսելու համար պետք է հրադադարի մեխանիզմները ներդրվեն, բայց անգամ դրանից հետո երբ սկսվի բանակցությունը, հայտնի չէ, թե որն է լինելու Հայաստանի համար էդ բանակցության առարկան», - նշեց Բադալյանը:
Նրա կարծիքով՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար անհրաժեշտ է փոխել թե՛ բանակցության առարկան, թե՛ բանակցային ձևաչափը՝ Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա իր ճակատագրի վերաբերյալ բանակցությունների կողմ։