Դատախազը ֆիննախարարի որդիների մասին հրապարակումը ուղարկել է ԱԱԾ

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների մասին հրապարակումը ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ ընթացք տալու: Այդ մասին «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք՝ մոտ մեկ շաբաթ առաջ «Հետք» պարբերականը տեղեկություն հրապարակեց, ըստ որի՝ ֆինանսների նախարարի որդիները՝ Գուրգենը և Արտյոմը, 2010 թվականին «շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում» 11 միլիոն դոլարով և այժմ այն վաճառքի են հանել 35 միլիոն դոլարով: