Պորտուգալիան՝ Եվրո-2016-ի եզրափակիչում

Պորտուգալացի Ռոնալդուն Ուելսի հավաքականի դարպասը գրավելուց հետո, Լիոն, 6-ը հուլիսի, 2016թ.

Պորտուգալիայի հավաքականը, չորեքշաբթի երեկոյան Լիոնում կայացած կիսաեզրափակիչում 2:0 հաշվով առավելության հասնելով Ուելսի թիմի նկատմամբ, դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

Գնդակները խփեցին Կրիշտիանու Ռոնալդուն՝ 50-րդ րոպեին, և Նանին՝ 53-րդ րոպեին։

Սա Պորտուգալիայի՝ հանդիպման հիմնական ժամանակում տարած առաջին հաղթանակն է Ֆրանսիայում անցկացվող Եվրո-2016-ի եզրափակիչ փուլում։ Մինչ այս խաղը Պորտուգալիան երեք ոչ-ոքի էր խաղացել F խմբի մրցաշարում, 1/8 եզրափակիչում Խորվաթիայի հավաքականին հաղթել էր լրացուցիչ 30 րոպեներին խփած միակ գոլով, իսկ քառորդ եզրափակիչում ոչ-ոքի՝ 1:1 ավարտելով հանդիպումը Լեհաստանի հետ՝ հաջողության էր հասել հետխաղյա 11-մետրանոցներով։

Հուլիսի 10-ին Փարիզի Սեն Դենի արվարձանի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում եզրափակիչ հանդիպմանը Պորտուգալիայի հավաքականը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի հինգշաբթի օրը Մարսելում կայանալիք երկրորդ կիսաեզրափակիչի՝ Գերմանիա - Ֆրանսիա հանդիպման հաղթողի հետ։

Պորտուգալիան մինչ այժմ երբեք Եվրոպայի չեմպիոն չի դարձել, լավագույն արդյունքը երկրորդ տեղն է՝ 2004 թվականին։ Աշխարհի առաջնություններում Պորտուգալիայի լավագույն արդյունքը 1966 թվականին գրաված երրորդ տեղն է։