Քաղաքապետերին այս համայնքներում, ինչպես Երևանում, այսուհետ ևս կնշանակի ավագանին, որը կընտրվի 100 տոկոսանոց համամասնական ցուցակով։
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, Գյումրիում ընդդիմադիր քաղաքապետի հաղթանակն ապահովելու համար ոչ իշխանական ուժերը պետք է ընտրության գնան միասնական ցուցակով․ - «Իրականում ընդդիմադիր միավորները պետք է կենտրոնացված մասնակցություն ունենան, որը քաղաքացուն հնարավորություն կտա ակնհայտ կողմնորոշվել, թե դեպի որ կողմ իր վստահության քվեն տա»:
Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ դաշինքի ձևավորման համար «Ժառանգություն»-ն արդեն բանակցում է նորաստեղծ ԳԱԼԱ կուսակցության ու Գյումրիի «Ասպարեզ» ակումբի հետ․ - «Պետք է հնարավորինս փորձենք ինչ-որ եզրեր գտնել և միասնական ցուցակ ներկայացնել մեր քաղաքացիներին: Որովհետև խնդիրը ոչ միայն քաղաքապետին կամ առաջին համարին է վերաբերում, խնդիրը վերաբերում է ցուցակին, որովհետև սա ավագանու ընտրություն է, և շատ կարևոր է, թե ինչ թիմով ես ներկայանում»:
Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր, համանուն կուսակցության նախագահ Վահան Խաչատրյանը նույնպես կողմնակից է ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր այլ ուժերի ու քաղհասարակության համախմբմանը․ - «Ոչ միայն «Ժառանգություն»-ից․․․ Այս պահին գնում են բանակցություններ, մեր նպատակը ընդդիմադիր ուժերը համախմբելն է, իշխանության նպատակը՝ պառակտելը: Տեսնենք այդ բանակցությունների արդյունքում ինչ կունենանք մենք»:
Քաղաքական ուժերի հետ Գյումրիի ավագանու կազմում լինելուն դեմ չէ նաև «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը։ Քաղհասարակության ներկայացուցիչը նկատում է, որ նոր ընտրական համակարգով քաղաքային իշխանությունը կենտրոնանալու է մեծամասնություն կազմող ավագանու ձեռքում․ - «Ավագանին ավելի եմ կարևորում, քան թե համայնքապետին․․․ Ավագանին տեղական օրենսդիրն է և նա է լինելու թելադրողը, թե ով է լինելու քաղաքապետը»:
Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարել են նաև Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Հայկական վերածնունդ»-ը, «Լուսավոր Հայաստան»-ը և Դաշնակցությունը: Վերջինն անգամ նշել է, որ իր համամասնական ցուցակը կգլխավորի Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը։
Իշխող Հանրապետականն առայժմ չի հստակեցնում, թե ինչ ձևաչափով կմասնակցի ընտրություններին: Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում չբացառեց անգամ գործող քաղաքապետ, նախկին ՕԵԿ ու ԲՀԿ անդամ, ներկայումս անկուսակցական Սամվել Բալասանյանին սատարելը․ - «Մենք հստակ մասնակցելու ենք, բայց հայտարարություն կլինի թեկնածուի հետ կապված: Որևէ մեկին չենք բացառում»:
Սամվել Բալասանյանի թեկնածությունը սատարելու տարբերակը չէր բացառել նաև վերջերս Գյումրի այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ կառավարությունը գոհ է նրա աշխատանքից։
Գյումրու քաղաքապետի թեկնածության հարցում առայժմ հստակեցում չկա «Բարգավաճ Հայաստան»-ում։ Կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի փոխանցմամբ, վերջնական որոշումը կկայացվի մարզային կառույցների հետ խորհրդակցելուց հետո․ - «ՏԻՄ ընտրություններին, բնականաբար, «Բարգավաճ Հայաստան»-ը ակտիվ մասնակցելու է: Թե որտեղ մենք որ թեկնածուին կդնենք․․․ Նախևառաջ շատ կարևոր ենք համարում մեր տեղական կառույցի կարծիքը»:
Խորհրդարանական ուժերից աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ չի ներկայացրել միայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։ Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն «Ազատության»-ը տեղեկացրեց, որ հարցը դեռ քննարկվում է կուսակցությունում։