Հելսինկյան կոմիտե․ Ոստիկաններն առաջնորդվում են «անօրինական հրամաններով»

Ոստիկանները բռնություն են գործադրում «Էլեկտրիկ Երևան» ակցիայի մասնակիցների նկատմամբ, արխիվ

Իրավապաշտպան կազմակերպությունն իրավապահներին առաջարկում է ձեռնպահ մնալ բռնության կիրառումից և չարդարացված ձերբակալություններից։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն՝ հրապարակած վերջին զեկույցում, անդրադառնալով ոստիկանության անցած մեկ տարվա գործունեությանը, իրավապահներին առաջարկում է «ձեռնպահ մնալ անհամաչափ ուժի և բռնության կիրառումից, անհարկի և չարդարացված ձերբակալություններից»։

Գնահատելով երկրի տարբեր բնակավայրերում խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանության դրսևորած վարքագիծը՝ իրավապաշտպան կազմակերպությունը Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած ուժային կառույցին խորհուրդ է տալիս «պարզապես կատարել հիմնական առաքելությունը»՝ ապահովելով խաղաղ հավաքների անցկացման անվտանգությունը։

Կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ չնայած տարիներ առաջ երկրի օրենսդրությունը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին, այն, ըստ էության, չի գործում։ «Օրենքի փոխարեն, խաղաղ հավաքների ժամանակ ոստիկաններն առաջնորդվում են հիմնականում անօրինական հրամաններով»,- պնդում է Իշխանյանն ու հավելում՝ «Դա քաղաքական որոշում է, որ հավաքի ժամանակ ինչքան ոստիկան լինի ու ջարդեն, տանեն: Ամեն ինչ քաղաքական որոշումով է լինում, դա պարզ երևում է դիտարկումից, վերլուծությունից»։

Ավետիք Իշխանյանը նկատում է՝ միջազգային կառույցների ֆինանսավորմամբ «բարեփոխված» ոստիկանությունը շարունակում է ծառայել իշխանությանը, խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանները հասարակական կարգը պահպանողից վերածվում են բողոքի ակցիայի մասնակիցների դեմ հանդես եկող ընդդիմախոսների: Եվ որքան սուր է ակցիայի մասնակիցների քննադատությունը իշխանությունների հասցեին, այնքան ցցուն է ոստիկանության կողմնապահությունն ու գործադրած բռնությունները:

Օրինակները շատ են՝ «Էլեկտրիկ Երևան»-ից մինչև «Նոր Հայաստան»-ի ամանորյա ակցիան։ Իրավապաշտպանը շեշտում է՝ խաղաղ ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրած որևէ ոստիկան անցած մեկ տարում այդպես էլ չպատժվեց։ «Էլեկտրիկ Երևան»-ի այդ դեպքերից հետո, բռնություններից հետո քրեական գործը հարուցված է, գնում է, բայց որևէ մեկը դեռ պատասխանատվություն չի կրել, չկար որևէ անձ, ոստիկանության աշխատող, որի նկատմամբ քրեական գործ հարուցված լինի»,- արձանագրում է իրավապաշտպանը։

Նրա խոսքով, իրենք ոստիկանությանը բազմիցս են առաջարկել հավաքների մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու համար կիրառել միջազգային պրակտիկայում ընդունված մեթոդները, սակայն ոստիկանությունը չի արձագանքել։