Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։
«Հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված Վանիկ Սարգսյանի վարած «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքում դուրս է եկել երթևեկելի մասից և վրաերթի ենթարկել հետիոտն, 2009 թ. ծնված տղա երեխային, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել նույն օրը` Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»:
Նախաքննության ընթացքում կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն: Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, որը եղել է 0,65 մլ/գ: Վարորդը ձերբակալվել է և հարցաքննվել։
Նախաքննությունը շարունակվում է: