Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտակայքում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 14 զինծառայող տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կապանի բժշկական կենտրոնը:
«Զինծառայողները ներկայումս հետազոտվում են, նախնական կարող եմ ասել, որ բարդ դեպքեր չունենք, բայց վերջնական տեղեկատվություն կտրվի հետազոտությունն ավարտելուց հետո», - փոխանցել է ընդունարանի աշխատակիցը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ այսօր՝ ժամը 10.05-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 28-րդ կմ-ում SATKO մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել», - ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը 19-ից 20 տարեկան տասը ուղևոր տեղափոխվել է Կապանի հիվանդանոց, բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Քիչ առաջ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ կողաշրջված «ԳԱԶ 66» մեքենան պատկանում է Պաշտպանության նախարարության N զորամասին։
«Ավտոմեքենայում գտնվող 15 հոգանոց անձնակազմը, այդ թվում՝ վարորդն ու ավագը, տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն՝ հետազոտման համար։ Զոհեր չկան։ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։