Երևանում աշնանը հաստատվելիք փաստաթղթում ՆԱՏՕ-ն կարող է դիտարկվել որպես ՀԱՊԿ անվտանգության սպառնալիք 

ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը Երևանում: 4-ը հուլիսի, 2016 թ․

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների արտգործնախարարների երևանյան հավաքում հավանության արժանացած ռազմավարության նախագծում, ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևի խոսքով, «ամրագրվելու է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք է»:

«Անշու՛շտ, սպառնալիքներից մեկը, որը մենք դիտարկում ենք, ՆԱՏՕ-ի ընդլայնումն է և մոտենալը մեր պետությունների սահմաններին: Բնականաբար, սա իր արտացոլումը կգտնի ռազմավարությունում», - ռուսաստանյան «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում հայտարարել է ռուս դիվանագետը:

Հայաստանի մայրաքաղաքում երեկ կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո, իհարկե, խոսք եղավ կազմակերպության՝ մինչև 2025 թվականը նախատեսած ռազմավարության մասին: Մասնավորապես այդ մասին խոսեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, սակայն ո՛չ դրա բովանադակության, ո՛չ էլ առավել ևս ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք դիտարկելու մասին նախարարը չխոսեց:

«Մեր այսօրվա հանդիպմանը քննարկեցինք պետությունների ղեկավարների գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, նրանց հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի նախագծերը: Առաջին հերթին մեր ուշադրության կենտրոնում էր ՀԱՊԿ 2025 թվականի Հավաքական անվտանգության ռազմավարությունը, որը ներկայացվելու է Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի հաստատմանը», - փոխանցեց Նալբանդյանը:

Գալիք հոկտեմբերին Երևանում հավաքվելու են ՀԱՊԿ երկրների նախագահները, և սպասվում է, որ այդ գագաթնաժողովին այդ ռազմավարությունը վերջնականապես կհաստատվի:

«Ազատությունը» հարցում է ուղարկել Հայաստանի արտգործնախարարություն՝ խնդրելով հստակեցնել, թե արդյոք պաշտոնական Երևանը դիտարկում է ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք, և եթե այո՝ ապա ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանի հետագա համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:

Արձագանքելով հարցմանը՝ արտգործնախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանն այսօր ասաց․ - «Ձեր կողմից նշված փաստաթղթի նախագծում ՆԱՏՕ-ի հիշստակումը ընդհանրապես բացակայում է։ Այդ փաստաթղթի մասին դատողություններ կարելի է անել միայն Հավաքական անվտանգության խորհրդի կողմից դրա հաստատումից և հրապարակումից հետո»։

Հայաստանը 1992 թվականից համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ միանալով Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին, իսկ 1994-ից Երևանը ներգրավված է դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրում:

Ազգային ժողովի պատգամավոր, Հայկական ատլանտյան ասոցիացիայի հիմնադիր Թևան Պողոսյանի խոսքով, Հայաստանի շահերին հակասում է ՆԱՏՕ-ի դիտարկումը որպես սպառնալիք․ - «Հայաստանը ունի իր սեփական ռազմավարությունը, անվտանգության հայեցակարգը՝ հաստատած, պաշտպանական ռազմավարությունը՝ հաստատած, և որևէ փաստաթղթում երբևէ չի նշվել ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք․ ՆԱՏՕ-ի ո՛չ ընդլայնումն է այդպես դիտարկվում, ո՛ չ ՆԱՏՕ-ն իբրև կառույց: Այս իմաստով պետք է ասել, որ Հայաստանը համարվում է նույն ՆԱՏՕ-ի կողմից լավագույն գործընկեր, Հայաստանն էլ իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ տարեցտարի ընդլայնում է և խորացնում է»:

Ըստ Պողոսյանի, ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձում է օգտագործել ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ի հետ իր լարված հարաբերությունների ժամանակ, սակայն ՀԱՊԿ անդամ այլ երկրները պետք է կարողանան կանխել ողջ դաշինքը ալյանսի հետ հակամարտության մեջ ներքաշելու Մոսկվայի ծրագրերը․ - «Մնացած երկրները ՀԱՊԿ-ի պետք է կարողանան իրենց խոսքը ասել, որովհետև ոչ միայն Հայաստանն է համարվում ՆԱՏՕ-ի գործընկեր երկիր, այլև և՛ Ղազախստանը, և՛ Ղրղըզստանը․․․ Վստահ եմ, որ իրենք էլ այդ համագործակցության մեջ չեն փորձելու պատկերացնել ՆԱՏՕ-ն ինչպես սպառնալիք: Կընթանան բանակցություններ, միգուցե կգտնվեն ձևակերպումներ, որոնք բոլորի շահերից կելնեն․․․ Եթե չդառնա այդպիսին, ապա մնացած երկրները կիրառեն իրենց վետոյի իրավունքը»: