Դոպինգային սկանդալի պատճառով, Ռիո դե Ժանեյրոյի առաջիկա Օլիմպիական խաղերին ռուսաստանցի 68 մարզիկների մասնակցության հարցը կորոշի Լոզանի արբիտրաժային դատարանը:
Դատարանը կլուծի Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի և Աթլետիկայի միջազգային ընկերակցության միջև վեճը: Այս մասին հայտնում է դատարանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունը՝ նաև նշելով, որ կողմերը խնդրի կարգավորման համար համաձայնել են արագ ընթացակարգով դատավարությանը, և ըստ այդմ՝ հուլիսի 21-ին կհրապարակվի վերջնական վճիռը: Ավելի վաղ, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի խոսնակ Կոնստանտին Վիբորնովը ասել էր, որ դատարանը սկսելու է հարցը լսել հուլիսի 19-ին: Փաստորեն, երկու-երեք օրվա մեջ կայացվելու է վերջնական որոշումը:
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի իրավաբանական բաժնի ղեկավար Ալեքսանդրա Բրիլյանտովան ՏԱՍՍ-ին ասել էր, որ եթե Ռուսաստանը դատարանում հաղթի, ապա կերկարաձգվեն Օլիմպիադային մասնակցելու համար դիմումների ընդունման ժամկետները:
Հունիսի վերջին Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն ասել էր, թե ռուսաստանցի աթլետները անհատական դիմումներ են ներկայացրել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, ինչպես նաև հայցեր են ներկայացրել Լոզանի սպորտային հարցերով արբիտրաժային դատարան՝ ապացուցելու, որ դոպինգից մաքուր են և իրավունք ունեն մասնակցելու Օլիմպիադային:
Հունիսի 17-ին Աթլետիկայի միջազգային ընկերակցությունը ուժի մեջ էր թողել Ռուսաստանի աթլետներին որակազրկելու որոշումը՝ պնդելով, որ Ռուսաստանի ֆեդերացիան մշտապես խախտում է Համաշխարհային հակադոպինգային գործակալության նորմերը:
Հունիսի 21-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է այս որոշումը և Ռուսաստանի աթլետներին արգելել մասնակցել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին, որոնք անցկացվելու են օգոստոսի 5-21-ը: