Իսրայելի Քնեսեթը այսօր կքվեարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Իսրայել - Քնեսեթի շենքը Երուսաղեմում

Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում այսօր քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը:

Ժամը 15-16-ը Քնեսեթի դիմաց տեղի է ունենալու արտոնված ցույց, որի ժամանակ հայ ցուցարարներն ու հրեա երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստները պահանջելու են օրենսդիրներից այլևս չհետաձգել Ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումը:

Հիշեցնենք՝ անցյալ տարի հուլիսի 8-ին Իսրայելի խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովը բաց նիստ էր գումարել, որին մասնակցել էր նաև խոսնակ Յուլի-Յոել Էդելշտեյնը, և միաձայն որոշվել էր բանաձևն ուղարկել արդեն լիագումար նիստ: Նույնիսկ առաջարկ եղավ Հայաստանի Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին քննարկել հարցը, սակայն օգոստոսի վերջից ակտիվացած հրեա - արաբական հակամարտությունը, փողոցային ահաբեկչական հարձակումները, որոնք շարունակվեցին մինչև այս տարվա մարտ, շեղեցին ուշադրությունը բանաձից:

Ահա կրկին «Մերեց» կուսակցության ղեկավար Զեհավա Գալ-Օնի միջնորդությամբ, չնայած կառավարության խնդրանքներին՝ հետաձգել բանաձևի քննարկումները վերսկսված թուրք - հրեական բանակցությունների պատճառով, հարցն առաջին անգամ դրվել է լիագումար նիստի քննարկմանը: Նաև առաջին անգամ մոտ երեք տասնյակ հայեր՝ Իսրայելի տարբեր հասարակական կազմակերպություններից ու կուսակցություններից, մասնակցելու են բանաձևի քննարկմանը Քնեսեթի դահլիճում: Այն նախատեսվում է տեղական ժամանակով ժամը 17-ից հետո:

Հայերի հետ Քնեսեթ են ժամանելու նաև բազմաթիվ հրեա մտավորականներ ու հայ ժողովրդի բարեկամներ, ինչպիսիք են Խայմ և Յաիր Արոնները, Իսրայել Չարնին, Յակով Ախիմեյրը և այլոք:

Հայ դատի տեղի հանձնախումբը լավատես է և գտնում է, որ եթե պատգամավորներին թույլ տան ազատ քվեարկել, բանաձևը անպայման կընդունվի:

Ճիշտ է, օրեր առաջ Իսրայելի և Թուրքիայի միջև հաշտեցման պայմանագիր ստորագրվեց, սակայն շատ պատգամավորներ այն ամոթալի որակեցին, և կրկին օրեր առաջ տվյալ թեմայի շուրջ տեղի ունեցած ձեռնամարտը Քնեսեթում այդ է վկայում:

Հայ դատի տեղի մասնաճյուղը նամակներ է ուղարկել Քնեսեթի բոլոր պատգամավորներին և այսօր պահանջելու է տալ վերջնական գնահատական:

«Այս քվեարկությունը իրավամբ տեղին է, պետք է լինի, որ մենք այլևս հստակեցնենք մեր դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ՝ Հայաստան - Իսրայել, հայ ժողովուրդ - հրեա ժողովուրդ: Շատ իմաստներով այս քվեարկությունը պետք է բացահայտի, քողազերծի Իսրայելի կամ հրեա ժողովրդի խորքը, դիմագիծը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայ դատի տեղի ներկայացուցիչ Սերոբ Սահակյանը: