«Նժդեհի արձանի տեղադրումն, անշուշտ, Հայաստանի ներքին գործն է, և ես խնդրում եմ գտնել նախկինում արած իմ մեկնաբանությունն ու բառացի մեջբերել այն: Նաև խնդրում եմ՝ չխեղաթյուրել իմ հնչեցրած բառերը, որովհետև այդպիսով դուք վնաս եք հասցնում: Եվ դա, բնականաբար, այն մարդկանց օգտին է, ովքեր Հայաստանի բարեկամները չեն»: Այս մասին հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Ազատության» հարցին՝ այժմ է՞լ այն կարծիքին է, թե Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը «նացիզմի հերոսականացման փորձ է», և Ռուսաստանի համար «հասկանալի չէ» այդ քայլը։
Զախարովան երևանյան այցի ընթացքում ուղեկցում է իր ղեկավարին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Հիշեցնենք, այսօր Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը:
«Պատմության հետ կապված հարցերն իսկապես շատ բարդ են, և ամոթ նրանց, ովքեր օգտագործում են այդ հարցերն իրենց քաղաքական նպատակների համար այնպես, ինչպես շատերն արեցին՝ խեղաթյուրելով իմ մեկնաբանությունները»,- հարցի առնչությամբ նաև ասաց Զախարովան, շարունակելով՝
«Մի՞թե Հայաստանն այժմ չունի ավելի հրատապ խնդիր: Ես կարծում եմ, որ հիմա Հայաստանի ու հայ ժողովրդի համար կա շատ ավելի հրատապ մի խնդիր՝ դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Հենց դրա համար են այսօր, նաև ՀԱՊԿ շրջանակներում, հանդիպումներ տեղի ունենում: Հենց դրա համար ենք մենք հսկայական ջանքեր գործադրում՝ որպեսզի այդ կարգավորումն առաջ ընթանա:
Մենք Հայաստանի հետ համագործակցում ենք, այդ թվում՝ միջազգային տարբեր հարթակներում, որպեսզի բացառենք նացիզմի հերոսականացման ցանկացած հնարավորություն: Այդ առումով՝ մենք զգում ենք մեր հայ գործընկերների շատ հուսալի թիկունքը: Այստեղ երկակի ստանդարտների մասին խոսք լինել չի կարող»:
Պատասխանելով ԼՂ խնդրին վերաբերող հարցերին, Մարիա Զախարովան կտրականապես մերժեց պնդումները, թե Սանկտ Պետերբուրգի հանդիպմամբ, Ռուսաստանը փորձ էր անում մենաշնորհ հաստատել կարգավորման գործընթացի նկատմամբ: «Ես մինչ այդ հանդիպումը, նաև դրանից հետո իմ ճեպազրույցների ժամանակ ասել եմ՝ մտահոգություններ կային, թե Ռուսաստանն իբր իր մենաշնորհն է հաստատում գործընթացի նկատմամբ, չի ցանկանում տեղեկություններ տրամադրել և այլն: Սակայն, սանկտպետերբուրգյան հանդիպման ընթացքում և դրանից հետո բոլորը համոզվեցին՝ միջնորդներն անհրաժեշտ կերպով տեղեկացված են եղել և իրենց գործընթացից դուրս չեն զգացել: Հենց կողմերը ու նաև դիտորդներն են բարձր գնահատել այդ հանդիպման արդյունավետությունը:
Մենք հրաշալի հասկանում ենք Մինսկի խմբի ձևաչափի նշանակությունը և հարգանքով ենք վերաբերվում դրան: Իսկ Սանկտ Պետերբուրգի հանդիպումն իր մեջ ինչ-որ նորարարություն չէր պարունակում, այն ընդամենը կողմերի շփման ձևերից մեկն է: Դուք հրաշալի գիտեք, որ նման հանդիպումներ նաև նախկինում են եղել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հարցում Ռուսաստանի դիրքորոշումը նպատակաուղղված է մեկ կետի՝ «դա ձգձգված հակամարտության շուտափույթ և խաղաղ կարգավորումն է, և մենք դրան հասնելու համար անում ենք հնարավորը»: Զախարովան ձեռնպահ մնաց Սարգսյան- Ալիև նոր հանդիպման մասին տեղեկություններ հաղորդելուց, նշելով, թե դա հենց կողմերը պետք է անեն:
«Որտեղ և երբ պետք է հանդիպեն իրենց առաջնորդները, դա այն տեղեկությունն է, որը պետք է հենց կողմերը տրամադրեն: Մենք կարող ենք ասել, որ այդ ուղղությամբ մեծագույն ջանքեր է գործադրում հենց Ռուսաստանի Դաշնության նախագահը, արտգործնախարարը, ըստ էության՝ ողջ արտաքին գերատեսչությունը: Դա արվում է և՛ երկկողմ, և՛ բազմակողմ խողովակներով ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Այդ ամենն արվում է, քանի որ մենք հասկանում ենք՝ հապաղման յուրաքանչյուր օրն իր մեջ խաղաղ բնակիչների հանդեպ սպառնալիք է կրում»,- այսօր Երևանում հայտարարեց Մարիա Զախարովան: