Սեյրան Օհանյան․ Երբ վտանգ կա, չեն սպասում կրակելու հրամանին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Երկարատև լռությունից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերջապես անդրադարձավ համացանցում մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութին, որը, ըստ տարածողների, նկարահանվել էր ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են հայ զինծառայողները տեսասարքերի միջոցով ֆիքսում հակառակորդի մեծաթիվ ուժերի առաջխաղացումը և սպասում օգնության: Համացանցում քննադատություններ էին հնչում, թե զինվորները անօգնական վիճակում են եղել, չիմանալով՝ կրակե՞լ, թե՞՝ ոչ, և արդյոք օգնություն կստանա՞ն թիկունքից:

Հայաստանի պաշտպանության նախարարը, մինչդեռ, Գյումրիում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ տեսանյութին, հակադարձեց, թե մարտական գործողությունների ժամանակ կրակելու թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չկա, քանի որ «և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում Պաշտպանության բանակի յուրաքանչյուր օղակ իրեն ընձեռված մարտական խնդիրների կատարման շրջանակում ինքնուրույն է գործում»:

«Այն տեսանյութը, որը որ տեղադրվել էր, այդ դիրքում տեխնիկական միջոցների առկայության պայմաններում է, որ հենց տվյալ մարտական գործողության ժամանակ տվյալ դիրքի անձնակազմը հասել է հաջողության՝ ամբողջությամբ ոչնչացնելով, ետ մղելով հենց այդ խումբը», - ասաց Օհանյանը՝ շարունակելով․ - «Այդպիսի բան չի կարող լինել երբևիցե: Գիտե՞ք, կա ընդհանուր առմամբ նաև բնազդային իրավիճակ․ ոչ մեկ, դիրքում գտնվելով, երբևիցե երբ վտանգ է զգում, չի սպասի վերադասի հրամանին՝ կրակե՞լ, թե՞ չկրակել, իր կյանքը փրկելու համար: Եվ այդ խոսակցությունները հենց այնպես խոսակցություններ են, էնպես որ՝ էդ հարցերին մի հավատացեք»:

Նկատենք, սակայն, անցած շաբաթ ՀՕՊ համաձայնագրի վավերացման շուրջ քննարկումների ընթացքում պատգամավոր Թևան Պողոսյանը, հղում անելով մամուլի հրապարակումներին, հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հրամանատարները շատ դեպքերում սպասել են վերադասի հրամանին: Ավելին՝ ովքեր չեն սպասել և պաշտպանել են դիրքերը, նրանց փորձել են պատժել:

«Ունեցել ենք շատ ժամանակ խնդիրներ, երբ տեղում հրամանատարները մնացել են, այսպես ասած, սպասելով վերևի հրամանատարի «կրակ» հրամանին: Որտեղ որ չեն սպասել, խնդիրը վերցրել են իրենց վրա և պաշտպանել են մեր սահմանները կամ, այսպես ասած՝ մեր շահերը, դրանից հետո նույնիսկ քիչ էր մնում քրեական գործեր բացվեին: Փոխարենը, ի վերջո, երբ հանրային պահանջ եղավ, շատերը ստացան մարտական խաչեր»,- ասել էր Պողոսյանը:

Նշենք, որ պաշտպանության նախարարությունը առայսօր հրաժարվում էր արձագանքել տարածված տեսանյութին, ավելին՝ նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դատապարտել էր տեղի ունեցածը ՝ ասելով, թե այն չպետք է հայտնվեր համացանցում:

Աղմկահարույց տեսանյութից բացի՝ Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաև 200 միլիոն դոլարի վարկի դիմաց ռուսական զենքի առաքմանը: Թեև վարկային պայմանագիրը կնքվել է ավելի քան մեկ տարի առաջ, սակայն ռուսական զենքն այդպես էլ Հայաստան չի հասել: Հարցին, թե ինչո՞ւ է ուշանում զենքի առաքումը, նախարարը պատասխանեց․ - «Թողեք այդ գործով զբաղվի պաշտպանության նախարարության ղեկավարությունը: Պայմանագրերը 80 տոկոսով ստորագրված են, դրանց շարունակական ներմուծումը սկսվել է դեռ երեկ, այսօր շարունակվում է»:

Նկատենք, սակայն, Օհանյանի նշած՝ «զենքի ներմուծումը սկսվել է դեռ երեկ» հայտարարությունը չի վերաբերում 200 միլիոն դոլարի վարկով նախատեսված զենքի առաքմանը: Ինչպես «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, նախարարը խոսել է ընդհանրապես զենքի առաքման մասին:

«Հայաստանի Հանրապետության կողմից նորագույն զինտեխնիկայի ձեռքբերումը չի սկսել 200 միլիոն դոլարով և չի ավարտվել 200 միլիոն դոլարով: Վաղուց ներմուծում կա, և դա շարունակական գործընթաց է», - ասաց Հովհաննիսյանը: «Ազատության» դիտարկմանը՝ «այսինքն, նախարարի ասածը չէր վերաբերում կոնկրետ այդ 200 միլիոն վարկային ծրագրին», նա արձագանքեց․ - «Նաև 200 միլիոն դոլարը մտնում է մեր ընդհանուր ձեռքբերումների ծավալների մեջ»: Հարցին էլ՝ «հենց կոնկրետ դրա հետ կապված ներմուծումն արդեն սկսվե՞լ է զենքի», նա պատասխանեց․ - «Չեմ կարող ասել»:

Ռուսական ուշացող զենքին ու աղմկահարույց տեսանյութին վերաբերող հարցերից բացի, պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի կորցրած 800 հեկտար տարածքի թեմային՝ ընդգծելով, թե անհրաժշտության դեպքում այդ տարածքները կարող են արագ ետ վերադարձնել: «Յուրաքանչյուր հայկական հողակտոր մեզ համար սուրբ է՝ լինի մշակված, թե անմշակ: Բայց այդ հողերը, այդ մի քանի դիրքերը գտնվում են Պաշտպանության բանակի վերահսկողության, ազդեցության տակ՝ անհրաժեշտության դեպքում արագ, նախաձեռնողական գործողություններով, լիարժեքորեն ետ վերադարձնելու, էսպես, ունակության շրջանակներում»,- ասաց Օհանյանը: Լրագրողներից մեկի ճշտող հարցին՝ «ո՞ւմ եք սպասում, ինչո՞ւ հիմա չեք վերադարձնում», Սեյրան Օհանյանն այդպես էլ չարձագանքեց:

Լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև վերջին շրջանում նախարարության մի շարք բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններին և կոռուպցիոն մեղադրանքներով կատարված ձերբակալություններին: Դիտարկմանը՝ տեսակետներ են հնչում, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսվի վերին օղակներից, Սեյրան Օհանյանն այսպես պատասխանեց՝ յուրաքանչյուր անձնավորություն պետք է զբաղվի իր գործով: Նախարարը նաև ընդգծեց՝ իր պաշտոնավարման ընթացքում շուրջ 140 զինվորականներ ազատվել են աշխատանքից, այդ թվում մոտ 60 դեպքում՝ կապված կոռուպցիոն գործերի հետ:

«Իմ ղեկավարման ժամանակ բոլոր արժանիները բարձր պաշտոններ են ստանձնել: Դրա համար է, որ այսօր զինված ուժերը և՛ այստեղ, և՛ Արցախում փոխգործունակ է, տարածաշրջանում մրցունակ է, ապահովում է իր մարտունակությունը: Եվ այդ ամենը երևաց նաև քառօրյա պատերազմի ժամանակ»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը: