Երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և նրան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարի, մանրամասներ հաղորդել Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հետ ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին:
Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները հույս են հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ ձեռք բերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացին: Նրանք պայմանավորվել են Մինսկի խմբի շրջանակներում շարունակել համատեղ ակտիվ աշխատանքը «այդ կարևոր ուղղությամբ»: Պուտինի և Օլանդի հեռախոսազրույցի մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքէջը:
Նույն օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ՝ վերջիններիս հորդորելով «զերծ մնալ շփման գծում լարվածությունից»: ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, Ջոն Քերրին նշել է, որ հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է: Նա երկու նախագահներին խնդրել է կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ խաղաղ բանակցային գործընթացն առաջ մղելու համար:
Պետքարտուղարը նաև վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը «արդյունավետ բանակցություններին», որոնք կարող են հանգեցնել հակամարտության համապափակ կարգավորմանը: Քերրին երկու նախագահներին հորդորել է շարունակել երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Հունիսի 30-ի ամենօրյա ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին հաստատել է, որ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, սակայն, դրանց բովանդակության վերաբերյալ մանրամասներ չի հաղորդել:
Այս օրերին տարածաշրջանում է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: ԼՂ խնդրի կարգավորման հարցով նա արդեն բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, Երևանում հանդիպել է նաև Ղարաբաղի նախագահին, իսկ Բաքվում հանդիպում է ունեցել Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ:
Շտայնմայերն այսօր Թբիլիսիում մասնակցել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բացմանը: Ակնկալվում է, որ այդ վեհաժողովի ընթացքում կքննարկվեն հակամարտությունների, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցեր:
Հիշեցնենք՝ երեկ Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել էր, թե կա ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթուղթ, որի վրա այժմ աշխատում են: Նա հայտնել էր նաև, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներն առաջիկայում հանդիպում կունենան Փարիզում:
Հայկական կողմը դեռևս չի հաստատել նախագահների հանդիպման մասին Մամեդյարովի հայտարարությունը:
Գալիք շաբաթվա ընթացքում էլ Հայաստան և Ադրբեջան կայցելի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ղարաբաղյան խնդրով քննարկումներ անցկացնելու համար: