«Ես գնում եմ «Մանչեսթր Յունայթեդ». Հենրիկ Մխիթարյանի մեսիջը՝ Թոմաս Տուխելին

«Ես գնում եմ «Մանչեսթր Յունայթեդ», - ըստ գերմանական Bild պարբերականի, այսպիսի մեսիջ է ուղարկել Հենրիկ Մխիթարյանը Դորթմունդի «Բորուսիա»-ի ավագ մարզիչ Թոմաս Տուխելին։

«Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոախիմ Վացկեն Bild-ին ասել է, թե «Մանչեսթր Յունայթեդ»-ը հիմա ավելի շատ է առաջարկում Մխիթարյանի համար։

«Իրավիճակը փոխվել է, անհրաժեշտ է հաշվի առնել տարբեր շատ գործոններ, մինչև վերջնական որոշում ընդունելը», - ասել է նա՝ նշելով, որ մինչև շաբաթվա վերջ ակումբը, հավանաբար, վերջնական որոշում կընդունի։

Ըստ Independent-ի, «Մանչեսթր Յունայթեդ»-ը Մխիթարյանի համար նախկինում 26 միլիոն ֆունտ ստեռլինգ էր առաջարկել, իսկ հիմա առաջարկում է 35 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Նշենք, որ եթե գործարքը կայանա, ապա 27-ամյա Հենրիկ Մխիթարյանը կարող է դառնալ հետխորհրդային երկրներից ամենաթանկ ֆուտբոլիստը Արևմուտքում։

«Մանչեսթր Յունայթեդ»-ը հիմա գլխավորում է հայտնի ֆուտբոլային մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով խնդիր է դրել թարմացնել, ուժեղացնել թիմը և բարելավել «Մանչեսթր»-ի աղյուսակային դիրքերը։

Ամառային տրանսֆերների շրջանում Մոուրինյոն փորձում է մի շարք առաջատար ֆուտբոլիստների հրավիրել «Մանչեսթր Յունայթեդ»։

Մխիթարյանի կարիերան ավելի փայլեց 2013 թվականից հետո, երբ նա Դոնեցկի «Շախտյոր»-ից տեղափոխվեց Դորթմունդի «Բորուսիա»։

Անցած խաղաշրջանում «Բորուսիա»-ի կազմում Բունդեսլիգայի առաջնությունում մասնակցելով 31 խաղի, նա խփել է 11 գոլ։ Իսկ բոլոր մակարդակի հանդիպումները հաշված, առաջնությանը գումարած նաև գավաթային և ընկերական հանդիպումները, նա 52 խաղում 23 գոլ է խփել։