«Յանդեքս» տաքսի ծառայությունը հայտարարել է, որ նվազագույնը պատրաստվում է սահմանել 2 կիլոմետր և դրա դիմաց գանձել 200 դրամ։ Այսօր Հայաստանում գործող ամենատարածված սակագինը 600 դրամն է՝ 4 կիլոմետրի դիմաց։
«Մենք հարց ենք դրել, որ «Յանդեքս» կլինի, որ կազմակերպությունը կլինի, պայմանագիր կնքի միայն և միայն լիցենզավորված տաքսիստների հետ», - վարորդներին ասաց Գագիկ Բեգլարյանը՝ հավելելով, որ եթե «Յանդեքս»-ը չաշխատի սահմանված կարգին համապատասխան՝ կտուգանվի․ - «Եթե լիցենզավորված տաքսիստների հետ պայմանագիր չկնքեց, ինքը չի լինի օրենքի դաշտում, կունենա խնդիրներ»:
«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ «Յանդեքս» տաքսի ծառայությունից հայտնեցին, որ ընկերության մշակած համակարգի շնորհիվ հնարավոր է դառնում իջեցնել մատուցվող ծառայության ինքնարժեքը, հետևաբար սահմանել շուկայականից ցածր սակագին։ Նաև ընդգծում են, որ չեն աշխատում անհատ վարորդների հետ, գործակցում են տաքսի ծառայությունների հետ։ Իսկ եթե կառավարությունը տրամադրում է տրված լիցենզիաների ռեեստր, «Յանդեքս»-ն աշխատանքի է ընդունում միայն լիցենզիա ունեցող վարորդների։
Նման պայմանները բավարարում են տաքսիստների շահերը ներկայացնող Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանին։
Սակայն, Հովհաննիսյանի խոսքով, վստահություն չկա, որ ասվածը գործնականում կկիրառվի․ - «Այսինքն ամսի 1-ին «Յանդեքս» տաքսին սկսում ա ապօրինի ձեռնարկատիրություն: Մենք անմիջապես հետևելու ենք դրան: Տաքսի ծառայությունների, փաստաբանների հետ կհավաքվենք, արդեն ուզում ենք օրինական դաշտում խոսել»:
Վարորդների բողոքը լսող Տրանսպորտի և կապի նախարարը տեղեկացրեց, որ ոլորտում առկա բազմաթիվ թերությունները շտկելու համար նախատեսում են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ․ - «Թող մարդիկ բոլորը՝ և՛ տաքսիստները, և՛ ժողովուրդը, բոլորը ծանոթանան մի քանի ամիս, գոնե 80-90 տոկոսով կարողանանք ընդունելի նախագիծ ունենանք, դիմենք Ազգային ժողով: Էդ դեպքում արդեն «Յանդեքս»-ն էլ կլինի այնտեղ, տասը հազարից ավել տաքսիստներ էսօր լիցենզավորում ունեն, մնացածը չունեն, ըտեղ էլ հավասարություն կլինի»:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի հաշվարկով, երկրում մոտ 50 հազար տաքսի կա, որոնցից միայն 10 հազարը լիցենզիա ունի։ Տիգրան Հովհաննիսյանը կարծում է, որ այս տարիների ընթացքում լիցենզավորված տաքսու վարորդները միլիոնների վնաս են կրել լիցենզիա չունեցողների հետ մրցակցային անհավասար պայմաններում․ - «Եվ դրա համար կառավարության դեմ էլ ենք հայց տալու: Եթե մի 10-20 անհատ վարորդներ և սերվիսներ հայցը տան և նախադեպը հաղթեն, ուրեմն մնացածը կգան 100 միլիոն դոլարի հետևից: Պարոն նախագահ, խնդրում եմ պատժել այն կառավարության անդամներին, ներկայացուցիչներին, որոնք արդեն 7 տարի շարունակ իրականացրեցին այս ոլորտում բիզնես ցեղասպանություն: Եվ հիմա վերջնական դահիճն ա եկել՝ «Յանդեսք»-ն ու GG-ն, որ իրանց վերջնական կոտորի»:
Բողոքին չմասնակցող մի անհատ տաքսու վարորդ «Ազատության»-ն ասաց․ - «Թող բարի լինեն վարորդներին ամսեկան 200-300 հազար աշխատավարձ տան, թող իրանց մոտ աշխատի, ուզում են 20 դրամով քշեն»:
«Էնքան բան կա, որ կարելի ա քաղաքացիների համար անել, որ շահավետ լինի, տաքսին չի, որ պիտի լուծի քաղաքացու հարցը», - հավելեց մի քաղաքացի։