Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստով վավերացրեց Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Սեյրան Օհանյանի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը։
Համաձայնագրին կողմ քվեարկեց 101, դեմ՝ 8 պատգամավոր։ Քվեարկությունից առաջ ելույթ ունեցավ միայն պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ հայտարարելով, որ հասարակության շրջանում կա մտահոգություն, և ինքը դեմ է քվեարկելու այս համաձայնագրին։
Խորհրդարանը նաև երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԸՕ փոփոխությունները
Ազգային ժողովն այսօր նաև երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը։
Նախագիծը, որով առաջարկվում է ընտրություն իրականացնել միայն նույնականացման քարտերով, ձեռք բերել տասը մատնահետքեր ստուգող սարք և բոլոր տեղամասերից ընտրական գործընթացը ուղիղ եթերով հեռարձակել, արժանացավ 104 պատգամավորի հավանությանը։
Հիշեցնենք, Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության միջև 4+4+4 ձևաչափով ընթացող բանակցությունների արդյունքում հունիսի 16-ին ստորագրվեց օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փախհամաձայնության մասին հայտարարությունը, ինչից հետո կառավարությունը հավանություն տվեց համապատասխան օրինագծին և այն ներկայացրեց խորհրդարանի արտահերթ նստաշրջանի քննարկմանը:
Չնայած Ընտրական օրենսգրքի փոփոխություններն այսօր ընդունվեցին, դրանք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կարող են և չկիրառվել, եթե մինչև սեպտեմբերի 1-ը կառավարությունը միջազգային դոնոր կազմակերպություններից չստանա դրանց իրականացման համար անհրաժեշտ 16 միլիոն դոլարը։
Խորհրդարանի արտահերթ նիստն այսօր քսան րոպե տևեց: «Բարի ճանապարհ՝ այսօրվա համար», - նիստի ավարտին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։