Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել

Թուրքիայի նախագահի մամլո ծառայությունը նաև հաղորդել է, որ հանդիպումը տեղի կունենա մինչև սեպտեմբերին կայանալիք Մեծ Քսանյակի գագաթնաժողովը:

Ավելի քան յոթ ամիս քաղաքական հակամարտության մեջ գտնվող երկու երկրների առաջնորդները նաև պայմանավորվել են սկսել աշխատանքները երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ:

Ավելի ուշ Պուտինը Ռուսաստանի կառավարության անդամներին հայտնել է Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասները:

«Թուրքիայի նախագահի նամակից հետո որոշում է կայացվել սկսել մեր թուրք գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը», - ասել է նա:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցն այսօր տևել է մոտ քառասուն րոպե և, թուրքական լրատվամիջոցների մեկնաբանությամբ, դրական ու արդյունավետ է եղել:

Կրեմլի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ կողմերը շեշտել են միջազգային համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը ահաբեկչության դեմ պայքարի գործում:

Պուտինը, ըստ Կրեմլի պաշտոնական կայքի, ասել է, որ Թուրքիայի նախագահի նամակը երկու երկրների միջև հարաբերությունների ճգնաժամային էջը շրջելու, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ համատեղ աշխատանքի վերսկսման նախադրյալներ է ստեղծել:

Ռուսաստանի նախագահը նաև հույս է հայտնել, որ ռուս օդաչուի սպանության մեջ մեղադրվող Թուրքիայի քաղաքացու դեմ սկսված դատական գործընթացը օբյեկտիվ կլինի:

Հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կսկսվեն Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները վերացնելու աշխատանքները: Խոսքը նախ և առաջ զբոսաշրջության մասին է՝ կհանվի ռուսաստանցի զբոսաշրջիկների Թուրքիա այցելելու արգելքը:

Երկու նախագահները պայմանավորվել են նաև, որ հուլիսի 1-ին տեղի կունենա Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել տարածաշրջանում, հատկապես Սիրիայում ստեղծված իրավիճակը:

Կրեմլի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Պուտինը ցավակցություն է հայտնել Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության կապակցությամբ​: Այսօր ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կատարվածն անվանել էր «դժոխային սպանդ»:

Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի այսօրվա հեռախոսազրույցը նրանց առաջին շփումն էր անցած տարվա նոյեմբերին թուրքական օդուժի կողմից թուրք-սիրիական սահմանին ռուսաստանյան ռազմական օդանավի խոցումից ի վեր:

Հեռախոսազրույցն ու առաջիկայում սպասվող ռուս-թուրքական հաշտեցումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ անցած երկուշաբթի Կրեմլը լուր տարածեց, որ Էրդողանը Պուտինին նամակ է հղել՝ ափսոսանք հայտնելով նոյեմբերյան միջադեպի կապակցությամբ, պատրաստակամություն հայտնելով փոխհատուցում տրամադրել սպանված օդաչուի ընտանիքին, և ամենակարևորը՝ Էրդողանը ներողություն է խնդրել:

Անցած յոթ ամիսներին Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ գործ չեն ունենա Թուրքիայի նախագահի հետ, քանի դեռ նա ներողություն չի խնդրել կատարվածի համար:

Նշենք, որ այսօր առավոտյան Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտնել է, թե Մոսկվան Անկարայից ակնկալում է «ավելի կառուցողական մոտեցում» Սիրիայի հարցում, մասնավորապես՝ որ Թուրքիան միջոցներ կձեռնարկի Սիրիայի հետ սահմանը փակելու ուղղությամբ: