Հարցազրույցում, հիշեցնենք, Սերժ Սարգսյանն ասել էր, թե գալիք խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի պարտության դեպքում քաղաքականության մեջ անելիք այլևս չի ունենա, ապա ծիծաղով բացառել էր դրա հնարավորությունը:
ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բնական է համարում Սերժ Սարգյսանի վստահությունը․ - «Դուք կուզե՞ք անվստահ նախագահ ունենաք: Բա իհարկե պետք է վստահ լինի իր իսկ քաղաքական ուժի վրա: Այսօր քաղաքական մեծամասնությունը Հանրապետական կուսակցությունն է, և նրա ղեկավարը ինքն է՝ նախագահը: Ղեկավար նախագահը պետք է վստահ լինի: Նա ոչ թե իր վրա միայն պետք է վստահ լինի, այլև այն քաղաքական ուժի, որի ղեկավարը ինքն է»:
«Ազատության» հարցին, թե արդյոք ընտրությունների արդյունքն այդպես կանխատեսելը չի հակասում ժողովրդավարությանը, Բաղդասարյանը հակադարձեց․ - «Չի կանխատեսում: Ինքը այդտեղ հանդես է գալիս ոչ թե որպես Հանրապետության նախագահ, այլ Հանրապետական կուսակցության առաջնորդ: Դուք հարցը տալիս եք ուղիղ, մարդը պատասխանում է ուղիղ: Իհարկե վստահ է: Եվ յուրաքանչյուր քաղաքական ուժի ղեկավարը վստահ է իր քաղաքական ուժի վրա»:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, մինչդեռ, կարծում է, թե այսպիսի ծավալներով արտագաղթի դեպքում իշխանությունը չպետք է նման վստահությամբ խոսի իր հաղթանակի մասին․ - «Եթե քո երկրից հարյուր հազար մարդ տարին գնում է, դու վստահ լինելու հիմք չես կարող ունենալ: Վստահությունը ժողովրդի ձայնով է լինում, ժողովրդի քվեարկությամբ է լինում, իսկ այդ ժողովուրդը, որը լքում է իր երկիրը, չի կարող իշխանություններին ձայն տալ: Ո՞նց կարող է քաղաքացին սիրել, կամ խորհրդարան ուղարկել այն պատգամավորին, որի պատճառով իր երեխաները այստեղ չեն, որի պատճառով իր հայրը խոպաններում է տասնյակ տարիներ անցկացնում: Տարօրինակ եմ համարում, երբ հաշվի չեն առնում ժողովրդի կամքը: Իսկ ո՞վ է որոշելու՝ պարտվելո՞ւ է, թե՞ հաղթելու: Ժողովուրդն է, չէ՞, որոշելու»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նկատում է․ - «Ես կարծում եմ, այս վստահությունը գալիս է օտար մայրաքաղաքից, որովհետև այլ կերպ մեկնաբանել նման հայտարարությունը չի կարելի է: Բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ օտար մայրաքաղաքները շատ հաճախ նաև խաբողի և «քցողի» դերում են լինում, և շատ թող չոգևորվի իրեն տված այդ խոստումներից: Սա պետք է միանշանակ ասեմ․ անկախ նրանից՝ նա ինչքան է պատրաստվում վաճառել հայրենի բնօրրանի տարածքները, որքան է պատրաստվում վաճառել մեր ռազմավարական նշանակության հնարավորությունները, մինևնույն է՝ այստեղ իրեն այդ հնարավորությունները չեն ժպտալու: Մենք պետք է կանխենք դա»: