Խոսքը, մասնավորաբար, ադրբեջանցի քաղբանտարկյալներին նվիրված զեկույցի մասին է, որի հեղինակը գերմանացի պատգամավոր Քրիստոֆեր Շտրասերն էր: Այդ պահին ադրբեջանական բանտերում գտնվող 85 քաղբանտարկյալների վիճակը նկարագրող զեկույցը ԵԽԽՎ-ում քվեարկությամբ մերժվեց 2013-ի հունվարի 23-ին` ընդամենը 85 կողմ քվե հավաքելով: Վեհաժողովի ներկայացուցիչները 2013-ին պնդում էին, թե «բանաձևի նախագծում ներկայացված մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում»:
Այսօր, սակայն, ոստիկանությանն ու Միլանի դատախազությանը հաջողվել է բացահայտել այն ողջ շղթան, որի միջոցով Ադրբեջանի կառավարության գումարները շուրջ երկու տարի շարունակ փոխանցվում էին ԵԽԽՎ պատգամավորներին` հանգեցնելով նաև «Շտրասերի բանաձևի» տապալմանը:
Իտալական աղբյուրների տեղեկություններով, եվրոպացի պատգամավորներին կաշառելու համար նախատեսված մայր գումարը պատկանում էր ադրբեջանական BakTelecom ընկերությունը: Սա մասնատել է այդ գումարը և մի շարք մանր ընկերությունների միջոցով 18 փոխանցում կատարել LGV և Nova Terrae Foundation ընկերությունների հաշվեհամարներին, որտեղից այդ գումարները փոխանցել են եվրոպացի քաղաքական գործիչներին․ - «Այս փոխանցումների համար ադրբեջանցիները օգտվել են դանիական Danske Bank-ի՝ Էստոնիայում գործող մասնաճյուղի ծառայություններից»:
Իտալական Il Fatto Quotididano թերթի տեղեկություններով, նախաքննական նյութերում տեղի ունեցածը հետևյալ կերպ է նկարագրված. - «Լուկա Վոլոնտեն իր հասարակական գործառույթները ի շահ Ադրբեջանի կառավարության ծառայեցնելու համար կաշառք է ստացել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ադրբեջանական պատվիրակության անդամներ Էլհան Սուլեյմանովից, Մուսլիմ Մամեդովից և մի շարք այլ ադրբեջանցի քաղաքական գործիչներից, որոնց ինքնությունը բացահայտել չի հաջողվել: Այդ գումարը նախատեսված էր թե՛ իր` Վոլոնտեի, և թե՛ երրորդ անձանց [փոխանցելու] համար»:
Ադրբեջանական պատվիրակության անդամներից Ռովշան Ռզաևը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում կտրականապես հերքել է իտալական կողմի մեղադրանքները՝ պնդելով․ - «Այս բոլոր մեղադրանքները Հայաստանի հատուկ ծառայությունների ձեռքի գործն են: Ես պատվիրակության անդամ եմ եղել և տեսել եմ, թե ինչ բանավեճ էր ծավալվել Շտրասերի հեղինակած բանաձևի շուրջ: Շտրասերից բավական լուրջ դժգոհություններ կային: Որևէ մեկին կաշառելու կարիք ընդհանրապես չկար»:
Իտալացի քննիչներին հաջողվել է պարզել, որ ադրբեջանական գումարների վերջնական հասցեատերերը բացառապես Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) Եվրախորհրդում ներկայացնող անդամներն են եղել: Իտալացի իրավապահները, սակայն, առայժմ չեն հրապարակում կաշառքի դիմաց ադրբեջանական լոբբինգով զբաղվող ԵԺԿ անդամների անունները:
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը ևս ԵԺԿ անդամ է: ՀՀԿ-ն Եվրոպայի աջ պահպանողական քաղաքական ուժերը միավորող այդ կառույցին միացել է 2012 թվականին: