ԹԻ․ Պաշտպանության համակարգում կոռուպցիոն ռիսկերն անհամեմատ մեծ են, քան մյուս ոլորտներում

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանը «Ազատության» ստուդիայում:

Ուսումնասիրելով պաշտպանության ոլորտի գնումների գործընթացները՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻ) եզրակացրել է, որ կա թափանցիկության խնդիր, իսկ հրապարակման ենթակա տվյալների դեպքում առկա է անհամապատասխանություն։

«Ուսումնասիրել ենք գնումների աջակցման կենտրոնի տարեկան հաշվետվությունները և նկատել ենք, որ այդտեղ ընդհանրապես տեղեկությունները իրարից տարբերվում են», - ասաց կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը:

Ոլորտի խնդիրների մասին Մանուկյանը խոսում է կոնկրետ օրինակով․ 2015-ի հունիսին Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի այժմ արդեն նախկին պետ Ալիկ Միրզաբեկյանը սնունդ է ձեռք բերել իր ազգանվանակից վաճառողից․ - «Եթե լիներ երկուսն էլ Մանուկյան, կարելի էր այդքան չսևեռվել դրա վրա․․․ Քանի որ հազվադեպ հանդիպող ազգանուն ա, ավելի հակված ենք, որ այստեղ տեսնենք ռիսկ»:

Ընդ որում, հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետները պարզել են, որ փաստաթուղթը կառավարության կայքից հետագայում հանվել է։

Մեկ այլ կոռուպցիոն ռիսկի մասին «Զինառ» և «Հենակետ» ընկերություններում, որոնց բաժնետերը Պաշտպանության նախարարությունն է․ - «14.5 միլիոն 2014 թվականին «Զինառ» ՓԲԸ-ն իրականացրել ա ճաշկերույթ: Եվ անհասկանալի է 2015 թվականին 81 միլիոն դրամի թերթի տպագրության պայմանագիրը «Հենակետ» ՓԲԸ-ի հետ, որից միայն 12 միլիոն դրամն է, որ թերթի տպագրության վրա է ծախսվել: Մնացածը գրած է՝ այլ տպագրություն»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանը, անդրադառնալով քաղաքական խնդիրների, պնդեց, թե ժամկետային զինծառայողները ծառայության ընթացքում զրկվում են բազմակողմանի ինֆորմացիա ստանալու հնարավորությունից, իսկ ընտրությունների ժամանակ ուղղորդվում են։ Ամենաթարմ օրինակը, Այվազյանի ներկայացմամբ, 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեն է։ Այն տեղամասերում, որտեղ զինծառայողներն են քվեարկել, «Այո»-ն անհամեմատ մեծ տարբերությամբ է հաղթել․ - «Հիմա տեղամասերի համարներն էլ են գաղտնի պահվելու: Այսինքն, եթե մենք առաջ կարող էինք հարցում անեինք և տեսնեինք, թե որտեղ են քվեարկել և վերահսկեինք այդ տեղամասերը, ներկայումս այդ ինֆորմացիան գաղտնի է: Ակնհայտ է, որ այնտեղ չարաշահումներ ավելի շատ հնարավոր կարող են դառնալ»:

Ուսումնասիրության ընթացքում փորձագետները բախվել են տեղեկության հասանելիության խնդրին։ Նրանց խոսքով՝ հաճախ գաղտնի է պահվում հրապարակման ենթակա տեղեկությունն անգամ։ «Զորամասը, զորամասի զինծառայողների քանակը․․․ դա պետք ա լինի գաղտնի: Բայց, օրինակ, մենք սննդամթերք ձեռք ենք բերում 80 միլիոն կամ միլիարդ դրամի, որից չգիտեմ 20 միլիարդը՝ A ընկերությունից, 30 միլիարդը՝ B ընկերությունից, մնացած 30-ն էլ՝ C ընկերությունից, դա չպետք ա լինի գաղտնիք»:

Հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետները հիշում են 2013-ի Վերահսկիչ պալատի զեկույցը։ Գյուղատնտեսության ոլորտում, ՊՆ աշխատակիցների մասնակցությամբ բազմաթիվ չարաշահումներ էին բացահայտվել։ Պատժվողների մասին որևէ տեղեկություն այդպես էլ չեղավ։ Իրենց զեկույցի դեպքում ավելի ադեկվատ արձագանք են ակնկալում։