Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն «ավելի արդար հասարակություն» ունենալու ուղերձով էր այսօր Գյումրի մեկնել: Կաթոլիկ եկեղեցու 80-ամյա հովվապետը Վարդանանց հրապարակում մատուցած լատինածես պատարագին հանդես եկավ քարոզով, որում կանգ առավ հենց Գյումրիում առկա աղքատության խնդրի վրա՝ հույս հայտնելով, թե խոսքերի փոխարեն մարդկանց գործնական աջակցություն ցույց կտան: «Բարի կամքով մարդկանց կարիքը կա, որ գործնականին և ոչ թե խոսքերով օգնեն դժվարության մեջ գտնվող եղբայրներին և քույրերին, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել և արդարորեն հատուցվող աշխատանք»,- իր խոսքում ասաց Պապը:
Ֆրանցիսկոս Պապը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի ուղեկցությամբ Երևանից ուղղաթիռով էր ժամանել Գյումրի: Քաղաքի գլխավոր հրապարակում նրան տեղացի ու տարբեր երկրներից ժամանած հազարավոր հավատացյալներ և ուխտավորներ էին սպասում: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Պապն ինքն էր ցանկություն հայտնել հենց Գյումրիում՝ Հայաստանի ամենաաղքատ քաղաքում սուրբ պատարագ մատուցել:
Միլիոնավոր մարդկանց սերը վայելող Հռոմի Պապն իր քարոզում նաև քրիստոնեական սիրո մասին խոսեց՝ «Աստված բնակվում է որտեղ սիրում են իրար, Հատկապես՝ որտեղ տկարներին և աղքատներին են խնամում: Նա միշտ օրհնում և պաշտպանում է նրան, ով «բարի լուրն է տանում թշվառներին, կոտրված սրտերի վերքերն է պատում և մխիթարում է վշտացածներին» (հմմտ. 1-2 համարները): Շատ կարիքն ունենք սրան, կարիքն ունենք քրիստոնյաների, որ հոգնությունից չխորտակվեն և չհուսալքվեն փոխադարձ անհասկացողություններից, այլ բացվեն Աստծո սիրո ծրագրերին»: Ըստ էության, անդրադարձ կատարելով խորհրդային շրջանին, Ֆրանցիսկոս առաջինն այն բնորոշեց, որպես «անաստվածության երկար տարիներ»:
Նա խոսեց նաև ավերիչ երկրաշարժի մասին՝ «Կվերակառուցեն հին ավերակները, կվերանորոգեն անբնակ քաղաքները (Ես 61,4): Այս վայրերում, սիրելի եղբայրներ և քույրեր, իրականացել են Եսայի մարգարեի խոսքերը, որ լսեցինք: Անաստվածության երկար տարիների հոգևոր կործանումից հետո, երկրաշարժի սարսափելի նյութական ավերածություններից հետո, այսօր գտնվում ենք այստեղ՝ Աստծուն շնորհակալություն հայտնելու՝ հավատը դավանելու ազատության և առատաձեռնության համար, որ բազում մարդկանց օգնեց վերականգնելու համար իրենց կյանքը, հսկայական դժվարություններով հանդերձ»:
Հրապարակում հավաքված հավատացյալները եկել էին մասնկիցը լինելու, իրենց իսկ խոսքով, պատմական արարողությանը: Պապին լսելու և նրանից խնդրելու, մեկը՝ խաղաղություն, մյուսը՝ բարեկեցություն: Կաթոլիկներին Շիրակի մարզում «ֆռանկ» են կոչում, ասում են՝ նրանք մինչև իրենց աչքով չտեսնեն, չեն հավատա: «Ֆրանսիայից է եկել էդ բառը, էդպես էլ կշարունակվի․․․»,- բացատրեց հավատացյալներից մեկը: Հռոմի Պապի մասին այստեղ լսել են ու գիտեն, որ նա աղքատասեր Պապ է՝ «Ինքն այն քիչ Պապերից է, որ աղքատ ժողովրդի կողքին է կանգնած միշտ․․․»:
Մոտ երկու ժամ տևեց սուրբ պատարագը, որից հետո Ֆրանցիսկոս Պապը և Գարեգին 2-րդը պապոմոբիլով շրջեցին հրապարակով՝ իրենց օրհնությունը բերելով հավաքվածներին: Հազարավոր հավատացյալներից Հռոմի Պապի հետ անմիջականորեն շփվելու հնարավորություն ունեցավ Ջավախքից ժամանած 83-ամյա Դալիթա Գոքորյանը: Երբ քահանայապետը պապոմոբիլով շրջելուց հետո պատրաստվում էր նստել իր սպիտակ «Ռենոն», անակնկալ որոշեց մոտենալ ծեր կնոջը՝ «Բախտս բերեց, շատ շատ շատ շնոհակալ եմ, էկավ քովս, ձեռքը համբուրեցի, գնաց․․․»:
Կաթոլիկ եկեղեցու քահանայապետն այցելեց նաև «Տիրամայր Հայաստան» կուսաստան, որտեղ ճաշեց կրթահամալիրի սաների հետ: Այս կենտրոն հաճախում են հիմնականում սոցիալապես անաապահով ընտանիքների երեխաները, այնտեղ նրանք ապրում ու կրթություն են ստանում:
Հռոմի Պապը նաև սբ․ Յոթվերք եկեղեցի այցելեց, հետո էլ՝ կաթոլիկների նորակառույց առաջնորդանիստ սբ․ Նահատակաց եկեղեցի, որից հետո էլ Հայոց կաթողիկոսի ուղեկցությամբ ուղղաթիռով վերադարձավ Երևան: