Բերման են ենթարկվել 10 ակտիվիստներ

Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ պայքարող ակտիվիստների նկատմամբ, արխիվ

Ըստ ՀԽ անդամի, բերման ենթարկելու պատճառը Հանրապետության հրապարակում Հռոմի Պապի աղոթքի ժամանակ նախատեսված բողոքի ակցիան է:

Քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարան»-ի գրասենյակի մոտից քաղաքացիական հագուստով ոստիկանները, ուժի գործադրմամբ, մեքենաներով տարել են ակտիվիստներ Վահրամ Պետրոսյանին, Փայլակ Թևանյանին, Արամ Մանուկյանին, Գագիկ Եղիազարյանին, Տիգրան Մանուկյանին և Ռազմիկ Մանուկյանին, Էլմոնե Եղնուկյանին, Սերգեյ Կյուրեղյանին, «Հայկական ժամանակ» թերթի ֆոտոթղթակից Տիգրան Մազմանյանին, Շահեն Հարությունյանին:

«Պայքար ազատության» ֆեյսբուքյան էջում հրապարակված նկարներում երևում է մեքենայի մակնիշն ու պետհամարանիշը։ «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ Վարուժան Ավետիսյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ այդ ոստիկաններն այս պահին էլ իրենց գրասենյակի առջև «հերթապահում են»։

Ավետիսյանի խոսքով, ակտիվիստներին ոստիկանական բաժանմունքեր են տեղափոխել են տարբեր պատճառաբանություններով։ Ընդդիմադիր գործիչը կարծում է, որ բերման ենթարկելու պատճառն այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում Հռոմի Պապի աղոթքի արարողության ժամանակ նախատեսված բողոքի ակցիան է, որին ցանկություն էին հայտնել մասնակցել նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի բերման ենթարկված երիտասարդները:

«Մենք չենք կազմակերպել այդ ֆլեշմոբը, բայց տղաները նույնպես ցանկացել էին մասնակցել և եկել էին «Հիմնադիր»-ի գրասենյակ, այստեղ պաստառներ էին պատրաստում, որը պետք է իրենց հետ տանեին Հանրապետության հրապարակ»,- ասաց Ավետիսյանը:

Ավելի ուշ, տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում, մասնավորապես, նշված է՝ «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Հռոմի Պապի այցի կապակցությամբ` խաղաղության աղոթքի և տոնական համերգի միջոցառումների ընթացքում, «Հիմնադիր խորհրդարանի» որոշ անդամներ պատրաստվում են Հանրապետության հրապարակում կազմակերպել 200-ից ավելի համախոհների մասնակցությամբ հավաք:

ՀՀ քրեական օրենսգրքի 225 պրիմ հոդվածի («Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը») 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի բաժիններ բերման են ենթարկվել 6 անձինք: ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ Երևան քաղաքում և մի շարք այլ համայնքներում Հռոմի Պապի այցի կապակցությամբ իրականացվում է հասարակական անվտանգության ապահովման արձանագրային արտակարգ ծառայություն»: