Շահեն Հարությունյան. «Ստիպողաբար նստացրեցին մեքենան, բերում են Երևան»

Շահեն Հարությունյան, արխիվ

Գյումրիում ոստիկանները «բռնել են» Շահեն Հարությունյանին։

«Նոյեմբերի 5-ի» գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն «Ազատության»-ը հեռախոսով տեղեկացրեց, որ քիչ առաջ քաղաքացիական հագուստով անձինք Գյումրիի Շահումյանի փողոցից իրեն բռնի ուժով նստեցրել են սպիտակ «Ինֆինիտի» և տեղափոխում են Երևան։

«Գյումրիում կանգնած էի ինձ համար, խոսում էի հեռախոսով, եկան Գեղամ Խաչատրյանի սաստավը, մտան թևերս, բերին, ստիպողաբար նստացրեցին մեքենայի մեջ, հետո ասեցին, որ ինձ Երևան են բերում։ Հիմա ինչ-որ սպիտակ «Ինֆինիտի»-ի մեջ եմ, քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ։ Բայց վատ տղերք չեն, շատ հարգալից են», - ասաց Շահեն Հարությունյանը։

Շահենը փոխանցեց, որ երեկ է ժամանել Գյումրի՝ «Ազատություն Շանթ Հարությունյանին և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին» գրությամբ պաստառը Հռոմի Պապին փոխանցելու նպատակով։ Շահենը սակայն նշեց, որ իրեն բռնելուց հետո են պաստառի մասին ոստիկաններն իմացել։

«Անիմաստ տեղը բռնեցին։ Բռնել են, նոր են իմացել պաստառի մասին, հագիս պապայիս մայկան էլ չկար։ Կասկածելի ոչ մի բան չկար վրաս։ Հեռախոսով կանգնած խոսում էի։ Որ գրկել էին, մտել էին թևերս, փորիս թխկթխկացրին՝ զգացին, որ մի բան կա, հանեցին՝ պաստառը։ Շիրակի մարզի ոստիկանապետն եկավ, զրուցեցինք շատ լավ, հարգալից, առանց վիրավորանքների և սպառնալիքների, ինչը չէր լինում Երևանում։ Նա ասում էր՝ գնա տուն, պաստառը ես կտամ Պապին։ Ես հավատացի իրեն, բայց ես էի եկել, որ տայի, կամ պարզեի պաստառը։ Պաստառը չեն վերցրել։ Հիմա ինձ բերում են Երևան», - փոխանցեց Շահեն Հարությունյանը։