ՀՕ-ի նախագիծը մտահոգել է ՓՄՁ ներկայացուցիչներին

Հագուստի ֆաբրիկա Հայաստանում, արխիվ

Գործարարները մտադիր են միավորել ջանքերը՝ օրենսգրքի՝ ներկա տեսքով ընդունումը թույլ չտալու համար:

Հարկային նոր օրենսգիրքը պետք է լուծեր մինչև օրս առկա խնդիրները, մինչդեռ ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը, ըստ մի խումբ գործարարների, ոչ միայն չի լուծում դրանք, այլև նորերն է առաջադրում: Այսօր էկոնոմիկայի նախարարությունում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործարարության աջակցության գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման օրակարգում հենց այդ թեման էր:

Փորձագետ Հակոբ Ավագյանը հարց հնչեցրեց՝ ի՞նչ խնդիր են պետակայն այրերը լուծում բիզնես միջավայրում խառնաշփոթ ստեղծելով: «Ինձ համար ամենակարևոր հրամայականը էդ ա, թե ով ա գլխով պատասխանատու նախագծի համար»,- ասաց Ավագյանը:

Քննարկմանը ներկա երեք տասնյակից ավելի գործարարների մեծ մասը թեև չէր հասցրել ծանոթանալ 700 էջանոց փաստաթղթին, սակայն, շրջանառվող տեղեկություններն արդեն հասցրել էին անհանգստացնել նրանց: «Արտբրիջ» սրճարանի սեփանաատեր Շաքե Հավան-Գարապետյանը հետաքրքրվեց՝ կա՞ն արդյոք փաստաթղթում դրույթներ, որոնք կխրախուսեն բիզնեսի զարգացումը:

«Նախագիծն ինչպե՞ս է մեր ապագան տեսնում, փոքր բիզնեսների ապագան»,- նրա այս հարցին ի պատասխան, փորձագետ Ավագյանը հայտարարեց՝ «Այսուհետ տիկին Շաքեն, որն ամբողջ տարին չարչարվում ա, որ դիվիդենտ ունենա, իրա մոտ էդ դիվիդենտից հարկ ա տալու։ Ստացվում է, որ չի խրախուսում»:

Ներկաներից մեկն էլ տեղեկացրեց, որ պատրաստվում է ներդրում անել, սակայն արդեն իսկ մտահոգություններ ունի ՀՕ-ի նախագծի հետ կապված: «Եթե նոր բիզնես ա սկսվում և նրան հարկավոր ա 20-25 հազար դոլար ներդրում, դա համարվում ա եկամո՞ւտ, և նա դրանից պետք է վճարի հա՞րկ: Ո՞նց ա կարգավորում էդ օրենքը»:

Շահաբաժինների հարկումից, ներդրումների հետ կապված խնդիրներից բացի, ՓՄՁ-ներին առավել անհանգստացնող դրույթներից է շրջանառության հարկի շեմը 115 միլիոն դրամից մինչև 40 միլիոն դրամ իջեցնելը: ՎԶԵԲ գործարարության աջակցության գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը տեղեկացրեց, որ առաջարկներով լի 36 էջանոց փաստաթուղթ են ուղարկել կառավարությանը՝ մատնանշելով, թե ինչպես օրենսգիրքը դարձնեն ավելի լավը, նաև ցույց տալով ու հիմնավորելով փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների մտահոգությունները:

«Խի՞ ենք մենք բոլորս էսքան վախենում շեմի իջեցումից: Որովհետև ԱԱՀ-ի դաշտը ՓՄՁ-ի համար, ով որ փաստաթղթավորման խնդիր ունի, շատ վախենալու է և պրակտիկայում ոչ կիրառելի: Ու հետևաբար, եթե էդ ՓՄՁ-ին, ով որ էսօր խոշոր մատակարարներից չի կարողանում ստանալ փաստաթուղթ, ԱԱՀ դաշտում աշխատելը ուղղակի անհնար է: Քանի դեռ մենք չունենք էդ դրական փոփոխությունները փաստաթղթավորման դաշտում, պիտի շարունակենք էդ ուղղությամբ պահպանել գոնե էն շեմը, որին կարողացել ենք հասնել»,- ասաց Պողոսյանը:

«Ազատության» հետ զրույցում նա ընդգծեց՝ գործարարները պետք է միավորվեն այս խնդրի լուծման համար, ու քանի դեռ այն օրենքի ուժ չի ստացել, հորդորներով, պահանջներով ու հիմնավոր առաջարկներով փոփոխություններ պարտադրեն: