Արդեն հինգերորդ օրն է, ինչ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլի մեջ է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Այս մասին «Ազատությանը» հաղորդեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից:
Մի քանի տարի առաջ ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման պահանջով հանրահավաքային պայքար ծավալած Վոլոդյա Ավետիսյանը, ով նաև իշխանափոխության կոչեր էր հնչեցնում, ավելի ուշ խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտվեց: Այժմ նա հացադուլի միջոցով իր բողոքն է արտահայտում իրեն վաղաժամկետ ազատման հնարավորությունից զրկելու դեմ: Ազատամարտիկն արդեն չորս անգամ մերժում է ստացել, «Ազատությանը» փոխանցեց Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Ավետիսյանը՝ «Իրենք ասել էին, չէ՞, մենք էդ հարցին լուծում կտանք, բայց քանի ամիս է՝ էդ հարցին լուծում չկա»:
Տիկնոջ խոսքով, Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է, նա ասաց նաև, թե հույս չունի, որ ամուսնու պահանջն այս անգամ կբավարարեն՝ «Ընդհանրապես էս երկրից հույս չունեմ, արդար մարդուն որ փակում են, էլ հույս ունե՞ս»: Արդեն մոտ երկու տարի անազատության մեջ գտնվող Ավետիսյանը մի քանի օր առաջ կնոջ միջոցով բաց նամակ էր տարածել, հիշեցնելով՝ դեռ նախորդ տարի հացադուլում գտնվող մի խումբ դատապարտյալների խոստացել էին, թե շուտով կապացուցեն, որ վաղաժամ ազատ արձակման ու բաց ռեժիմի անցնելու հնարավորությունները գործում են:
«Անցել է 10 ամիս, տեղի են ունեցել Ազգային ժողովի բազմաթիվ նիստեր, սակայն, խոստացված այդ օրենքի գործելու մասին՝ ոչ մի պատասխան»,- գրել էր Ավետիսյանը՝ հավելելով՝ իրենք՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալներ, գիտեն, որ դատարանն իրենց զրկել է ազատ տեղաշարժվելու իրավունքից, բայց ոչ՝ մտածելու, օրենքից օգտվելու, քնելու, բուժվելու, տեսակցություն ստանալու, վաղաժամկետ ազատվելու և բաց ռեժիմի անցնելու իրավունքից:
Օրեր առաջ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե ինքը տիրապետում է քրեակատարողական հիմնարկների խնդիրներին, և դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: Սակայն արագ արդյունքներ չեն լինի, ասել էր նախարարը:
Դատապարտյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Ռոբերտ Ռևազյանի փոխանցմամբ՝ վերջին 3-4 տարիներին ընդհանուր առմամբ շուրջ 5 հազար անձ է ներկայացվել վաղաժամկետ ազատման, սակայն նրանց միայն 4-5 տոկոսն է օգտվել այդ հնարավորությունից: Ըստ փաստաբանի՝ վաղաժամկետ ազատման հարցը որոշող անկախ հանձնաժողովը, հատկապես քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով դատապարտված անձանց դեպքում, ինքնուրույն չի գործում:
«Ինքնուրույն որոշումներ կայացնելու հավանականությունը զրոյի է հասցված: Նման դեպքերում, որտեղ կան նաև քաղաքական նրբերանգներ, բացառվում է, որ ՔԿՀ-ն սեփական նախաձեռնությամբ հանկարծ դրական եզրակացություն տա: Եթե տա, ուրեմն դա համաձայնեցված է բարձր ինստանցիաների հետ»,- ասաց Ռևազյանը:
Բազմաթիվ դատապարտյալների շահեր ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանն էլ փաստեց՝ վերջին 8-9 տարվա ընթացքում ինքը չի ունեցել մի պաշտպանյալ, ով օգտվել է վաղաժամկետ ազատ արձակման իրավունքից: Փաստաբանն ընդգծում է՝ չկան հստակ չափանիշներ, պարզ չէ, թե որ դեպքում անձը կարող է օգտվել վաղաժամկետ ազատման հնարավորությունից: Հենց դա էլ, ըստ նրա, առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր:
«Զրո պատճառաբանություն: Այսինքն՝ կարող է պատահել այնպես, որ նույն պայմաններում գտնվող երկու դատապարտյալներից մեկը պայմանական վաղաժամկետ ազատվի, մյուսը՝ չէ: Հիմա եթե դատապարտյալը տեսնում է, որ տասնյակ, հարյուրավոր մարդիկ դրսևորել են դրական վարքագիծ, բայց իրենցից ոչ ոք վաղաժամկետ ազատվելու հնարավորություն չի ունեցել, բայց և կան ինչ-որ դատապարտյալներ, որոնք անկախ իրենց վարքագծից պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել, էս մարդն արդեն չի հասկանում՝ էլ ինչո՞ւ պետք է ինքը իրեն դրական դրսևորի»:
Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը հատկապես խնդրահարույց է համարում այն հանգամանքը, որ նախագահի հրամանագրով ստեղծված վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովում ընդգրկված են հիմնականում ուժային կառույցների ներկայացուցիչներ: «Խմբերը ղեկավարում են բարձրաստիճան ոստիկաններ, ովքեր ունեն պատժողական հոգեբանություն: Բացի այդ, երբ հանձնաժողովը եզրակացություն է տալիս, ինքը չի զրուցում անձի հետ: Անձի հետ չխոսելով, չնայելով, չտեսնելով՝ չի կարող հանձնաժողովը հասկանալ նրա ուղղված լինելու կամ չլինելու հանգամանքը»,- ասում է Ռևազյանը: