Այսօր Հայաստան է ժամանում Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը։
Պապն իր այցելությունը որակել է ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր:
Այցի նախօրեին Ֆրանցիսկոսը Թվիթերում գրառմամբ հավատացյալներին ևս մեկ անգամ խնդրել է աղոթքներով ուղեկցել իրեն Հայաստան առաքելական ճամփորդության ընթացքում։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, այսօր ժամը 15:35-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողություն։
Համաձայն այցի ծրագրի՝ երեկոյան Պապ Ֆրանցիսկոսը Հայաստանի նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ Հայաստանի իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռում Ֆրանցիսկոս Պապի և Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպմամբ:
Վաղն առավոտյան Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Ժամը 11-ին Ֆրանցիսկոս Պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում կմատուցի պատարագ։ Նույն օրը ժամը 19-ին Երևանի Հանրապետության հրապարակում կկատարվի Էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք` հանդիսապետությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի։
Կիրակի օրը՝ ժամը 10-ին տեղի կունենա Սուրբ Պատարագի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բաց խորանում` հանդիսապետությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի։ Նույն օրը Մայր Աթոռում Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Պապը հանդիպում կունենա Հայ եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ:
Հռոմի Պապը և Ամենայն Հայոց կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:
Կիրակի օրը՝ հունիսի 26-ին Ֆրանցիսկոսը Երևանից կմեկնի Հռոմ: