Դոնալդ Թրամփն ընդդեմ ամերիկահայ խոհարար Ջեֆրի Զաքարյանի

Դոնալդ Թրամփ, արխիվ

Հայազգի խոհարարը հրաժարվել է սեփական ռեստորանը բացել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուի հյուրանոցներից մեկում։ Նա էլ դատական հայց է ներկայացրել ընդդեմ խոհարարի։

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը քարոզարշավի այս թեժ օրերին ստիպված էր մեկ օրով դադարեցնել իր նախընտրական պայքարը, փոխանցում են ամերիկյան լրատվամիջոցները։ Պատճառը՝ ամերիկահայ հայտնի խոհարար Ջեֆրի Զաքարյանի դեմ դատական հայցն է։

Վաշինգտոնի դատարանը հրահանգել էր Թրամփին անձամբ բացատրություններ տալ դատական հայցի կապակցությամբ: Հետևելով դատարանի որոշմանը՝ հանրապետական թեկնածուն անձամբ այցելել է Զաքարյանի շահերը ներկայացնող իրավաբանական ընկերություն, որտեղ ժամեր շարունակ մանրամասներ է ներկայացրել խոհարարի դեմ իր դատական հայցի կապակցությամբ, փոխանցում են ամերիկյան լրատվամիջոցները։

Ջեֆրի Զաքարյանը, ով հեղինակավոր ռեստորանային ցանցի սեփականատեր է, հրաժարվել է սեփական ռեստորանը բացել Թրամփին պատկանող հյուրանոցներից մեկում։ Երբեմնի գործընկերների տարաձայնությունների պատճառը նախագահ դառնալ ցանկացող Թրամփի հայտարարություններն են՝ ընդդեմ փախստականների և միգրանտների, մասնավորապես, ինչպես հստակեցրել է Զաքարյանը, մեքսիկացիների հասցեին Թրամփի հնչեցրած նվաստացուցիչ հայտարարությունները։

Հիշեցնենք՝ աշխարհի գերտերություններից մեկի ղեկավարը դառնալ ցանկացող Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե պետք է մեծ պատ կառուցել ամերիկա-մեքսիկական սահմանին, ընդ որում, պատի շինարարական ծախսերը պետք է վճարի Մեքսիկան։ Նրա խոսքով՝ մեքսիկացի ներգաղթյալները իրենց հետ ոչ միայն խնդիրներ են բերում, այլ նաև մեծ քանակությամբ թմրանյութեր։

«Թրամփի վերջին հայտարարությունները մեքսիկացի միգրանտների մասին որևէ ընդհանրություն չունեն իմ արժեհամակարգի հետ», - հայտարարել էր հայազգի խոհարարը և նշել, որ իր Zakarian Hospitality կոչվող ռեստորանային ցանցի աշխատակիցների երեք քառորդը մեքսիկացիներ են, և, հետևաբար, ինքը չի կարող աշխատել մեքսիկացիներին դատապարտող անձի հետ:

Զաքարյանը հայտարարել է, թե չի զղջում պայմանագիրը խախտելու համար։ «Փոխարենը, ես գիշերները հանգիստ կքնեմ», - ասել է Ջեֆրի Զաքարյանը, ում նախնիները Միացյալ Նահանգներ են հասել Հայոց ցեղասպանությունից հետո՝ հայրը՝ Արևմտյան Հայաստանից, մայրը՝ Լեհաստանից։