Հաջորդ շաբաթ ԳԱԱ-ում նախագահի ընտրություն է

Արդեն 10 տարի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հունիսի 27-29–ը կայանալիք ընտրությանը պատրաստվում է ևս մեկ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում:

«Ամենավերջին այսպես ասած բանը չէ, որ անպայման ես պետք է լինեմ: Մենք ունենք գիտնականներ, որոնք համեմատաբար երիտասարդ են, բայց մի դեպքում պահանջում են, որ ավելի շատ փորձ ունենան, մյուս դեպքում՝ գիտական հեղինակություն ունենան և այն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:

80-ամյա գիտնականը ԳԱԱ նախագահի պաշտոնի համար երրորդ անգամ է պատրաստվում թեկնածությունն առաջադրել։ Մինչդեռ, «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի համաձայն, նույն մարդը երկու անգամից ավելի այդ պաշտոնը զբաղեցնել չի կարող։

«Ես առաջին անգամ ընտրվել եմ 2006 թվականին: Այն ժամանակ գործում էր «Գիտության և գիտական քաղաքականության մասին» օրենքը, այդ օրենքում ոչ մի սահմանափակում անգամներ և տարիքի վերաբերյալ չկար», - նշեց նա՝ հավելելով, որ սահմանափակումը ընդունվել է 2011 թվականին․ - «Դա իմ առաջարկն է եղել, որ երկու անգամից ավել չլինի: Բայց այդ օրենքը գործում է իր ընդունված ժամանակից հետո, նրանից առաջվա ժամանակի համար չի գործում»:

Իրավական տեսակետից օրենքի խախտում չկա, սակայն ընդդիմախոսները կարծում են, որ երրորդ անգամ առաջադրվելով, Ռադիկ Մարտիրոսյանը վերացնում է մրցակցությունն ակադեմիայում։

Լենսեր Աղալովյանը 2011-ին ակադեմիայի նախագահի թեկնածուներից մեկն էր։ Այս տարի առաջադրվելու մտադրություն չունի։ Ասում է՝ ընտրական գործընթացն իրեն չի բավարարում․ - «Ժողով են անում՝ ովքե՞ր են ցանկանում մասնակցել այդ մրցույթին: Այդպես չպետք է լինի: Պետք է ինչ-որ ժամանակահատված լինի, հայտարարություն լինի, գուցե մարդիկ դիմեն, ներկայացնեն իրենց աշխատանքները, իրենց ծրագրերը: Դա կլինի արդեն առարկայական քննարկում»:

Աղալովյանի կարծիքով, ակադեմիան այսօր բացասական վարկանիշ ունի. ակտիվ չէ հասարակության համար կարևոր հարցերում և որպես բեռ է ընկալվում։ Մեղավորը, ըստ նրա, նախագահությունն է․ - «Աշխատանքները պետք է այնպես ձևակերպված լինեն, որ երևա ակադեմիայի աշխատանքը: Դա նախագահից, իհարկե, գալիս է»:

Մեկ այլ դրույթով, ակադեմիայի ինստիտուտների ղեկավար մինչև 65 տարեկան գիտնականը պետք է լինի, սակայն նախագահի համար սահմանափակում չկա։ Տարիքային սահմանափակում չսահմանելու հարցում 80-ամյա Մարտիրոսյանն ու 76-ամյա Աղալովյանը համամիտ են։

«Պետք է գիտնականը գնահատվի իր գիտական աշխատանքներով: Ունենք ակտիվ, նույնիսկ 90 տարեկան ակադեմիկոս», - փաստարկեց Աղալովյանը:

Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքով, ԳԱԱ նախագահը պետք է մեկտեղի գիտական փորձն ու հեղինակությունը, իսկ դա տարիների աշխատանքի արդյունք է․ - «Իմ նախորդ երկու նախագահները ընտրվել են ավելի մեծ տարիքում, քան թե ես այսօր: Վիկտոր Համազասպովիչ Համբարձումյանը ընտրվել է 82 տարեկան հասակում, Ֆադեյ Սարգսյանը՝ 81»:

Հարցին, թե արդյոք ակադեմիան ավելի լավը կդառնա, եթե փոխվի նախագահը, Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի գիտական ղեկավար Սիներիկ Հայրապետյանը պատասխանեց․ - «Ստեղ համակարգն ա, ստեղ անձերը չեն որոշում»:

Հայրապետյանը համակարգի փոփոխության վերաբերյալ առաջարկներ է ուղարկել կառավարությանը, բայց արձագանք չի ստացել․ - «Բոլորն ասում են՝ հա, ճիշտ է, բայց ոչ մի բան տեղից չի շարժվում: Որովհետև դա կոռուպցիայի դեմ ա»:

Ակադեմիայի նախագահի թեկնածու կարող են առաջադրվել միայն ակադեմիկոսները, ընտրության իրավունքը նույնպես միայն նրանցն է։ Թեև թեկնածուներն առաջադրվում են հենց ընտրության օրը, այնուամենայնիվ, ԳԱԱ 4-րդ ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանից բացի, դեռ ոչ ոք նախագահ դառնալու ցանկություն չի հայտնել։