Տեղեկությունը «Ազատության»-ը փոխանցած՝ Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը հավելեց, որ թեև Ստամբուլի Հայոց պատրիարքարանը Աթեշյանի հայաստանյան այցը չեղյալ հայտարարելու մասին որևէ պաշտոնական հայտարարություն առայժմ չի արել, պատրիարքի փոխանորդի վերադարձից «ակնհայտ է դառնում, որ նա Հայաստան չի մեկնելու»:
Նույն կարծիքին է ստամբուլահայ բժիշկ, համայնքային գործիչ, այսօր առավոտյան Պատրիարքարանի շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցի նախաձեռնող խմբի անդամ Թադեոս Բեբեքը:
«Ազատության» հետ զրույցում Բեբեքն ասաց, թե Աթեշյանը «չի կարողանալու գնալ Հայաստան»․ - «Աթեշյանը Ստամբուլում է: Կարծում եմ, որ մեր ցույցին հետևում էր պատուհանից այն կողմ: Հայաստան չի կարող գալ, քանի որ վախենում է: Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, Հայաստան չի գալու»:
Հունիսի սկզբին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո արքեպիսկոպոս Աթեշյանը նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ հայտնելով, թե «վշտացած է Բունդեսթագում բանաձևի ընդունման կապակցությամբ», և Թուրքիայի հայ համայնքի անունից ափսոսանք հայտնելով գերմանացի օրենսդիրների որոշման համար:
Նամակը զայրույթ էր առաջացրել ինչպես Թուրքիայի հայերի շրջանում, այնպես էլ Հայաստանում, որտեղ շուրջ երեք տասնյակ պատգամավորներ նրա այցի դեմ ստորագրահավաք էին նախաձեռնել:
Թադեոս Բեբեքը ասաց, որ ստամբուլահայ համայնքը համաձայն չէ Աթեշյանի քայլերին, քանի որ վերջինս ոչ թե համայնքի կողմից ընտրված, այլ նշանակված փոխանորդ է, ուստի իրավասու չէ հանդես գալ համայնքի անունից:
Այսօր առավոտյան շուրջ երկու տասնյակ պոլսահայեր հավաքվել էին Պատրիարքարանի շենքի մոտ՝ պահանջելով ընտրել նոր պատրիարք: Նախաձեռնող խումբը սև պսակ է թողել Պատրիարքարանի շենքի մոտ՝ կոչ անելով «հավատարիմ մնալ Հայոց եկեղեցու հինգ հարյուր հինսունհինգ տարվա պատմություն ունեցող ավանդույթներին»:
«Արդեն ութ տարի է, Թուրքիայի հայերը չեն կարողանում իրենց պատրիարքին ընտրել, ութ տարի է, համայնքը ընդհանուր փոխանորդն է ղեկավարում: Փոխանորդին մենք չենք ընտրել, նա մեզ չի ներկայացնում: Մենք նրան նշանակված փոխանորդ ենք համարում: Սա անընդունելի է, հայերը 21-րդ դարում նման վերաբերմունքի արժանի չեն: Մեր ավանդույթներում էլ նման երևույթ չկա: Ուզում ենք տեր կանգնել մեր ժողովրդավարական իրավունքներին և ինքներս ընտրել մեր պատրիարքին», - ասաց Բեբեքը՝ հավելելով, թե թուրքական իշխանությունները տարիներ շարունակ խոչընդոտում են պատրիարքի ընտրությունների անցկացումը՝ չնայած համայնքի դժգոհությանն ու բազմաթիվ դիմումներին:
Նրա փոխանցմամբ, արդեն չորրորդ տարին է, որ ընտրություններ չեն անցկացվում նաև համայնքի հիմնադրամներում, ինչի արդյունքում համայնքում անառողջ մթնոլորտ է ձևավորվել․ - «Եթե պատրիարքին համարենք համայնքի ուղեղը, իսկ հիմնադրամները՝ համայնքը սնող, զարգացնող երակներ, ապա Թուրքիայի հայության ուղեղը և երակները հիվանդ են»:
Թադեոս Բեբեքը ընդգծեց, որ պատրաստվում են պատրիարքի ընտրություն անցկացնելու պահանջով դիմել Թուրքիայի նոր վարչապետին: