«Հիմնադիր խորհրդարան»-ի (ՀԽ) անդամ Կարո Եղնուկյանը չգիտի, թե ովքեր են այն վեց կալանավորվածները, որոնք, ըստ Քննչական կոմիտեի օրերս տարածած հաղորդագրության, Ժիրայր Սեֆիլյանը հետ ծրագրել են զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը:
«Ինչպես գիտեք, անունները չեն հայտարարել, և եթե անունները չկան, մենք միայն այսպես աջ ու ձախ ենք նայում, և եթե մեկը պակասում է մերոնցից, այսպես ասած, բայց ոչ մեկ պակաս չէ, բացի Ժիրայր Սեֆիլյանից, այնպես որ այդ վեցն ովքեր են՝ չգիտեմ։ Պարզելու ձև չկա, եթե այդպիսի բան լիներ, արդեն կիմանայինք, օրինակ, ինձ կասեին՝ «գիտե՞ք, Պետրոս Պետրոսյանին բերման են ենթարկել», բայց այդպիսի ահազանգ մենք չենք ստացել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Եղնուկյանը։
Քննչական կոմիտեն, հիշեցնենք, Սեֆիլյանի ձերբակալության օրը՝ հունիսի 20-ին հաղորդեց, որ մեկ ամիս առաջ տեղի ունեցած ավտովթարի մասնակից մեքենաներից մեկում հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում էլ պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել է զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը:
Չնշելով անուններ՝ Քննչական կոմիտեն տեղեկացրեց նաև, որ այս գործի շրջանակում ութ անձի մեղադրանք է առաջադրվել, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: «Առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են ինչպես գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցներով, այնպես էլ՝ խմբի անդամների խոստովանական ցուցմունքներով», - ասված էր կոմիտեի հաղորդագրությունում։
Եղնուկյանն ասաց, որ Քննչական կոմիտեի հաղորդած ավտովթարի մասին Սեֆիլյանի ձերբակալությունից հետո է իմացել՝ լրատվամիջոցներից։ «Լրահոսում չեմ հանդիպել, առաջին անգամ երեկ ենք սա լսում՝ լրատվականներից։ Ինչ ավտովթար է՝ պարզ չէ, բայց մի հետաքրքիր բան կարդացի համացանցում, որ էդ ավտովթարի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա ոստիկանության կողմից, այդ օրը առգրավված զենքերի հետ կապված նորից հաղորդագրություն չի եղել, այնպես որ չգիտեմ՝ այդ տեղեկությունը ճիշտ է, թե՝ ոչ։ Եթե նման բան կար, գոնե ոստիկանական կայքում պետք է լիներ», - ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը։
Դիտարկմանը, թե Քննչական կոմիտեն նշել էր, որ խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում, և հարցին, թե «Հիմնադիր խորհրդարան»-ը ծրագրո՞ւմ էր ինչ-որ գործողություն իրականացնել, Եղնուկյանը պատասխանեց. - «Հիմնադիր խորհրդարան»-ը կոնկրետ այդպիսի ոչ մի ծրագիր չուներ։ Մեղադրանքն ամբողջովին հեռու է մեր քաղաքական ծրագրից, մեր քաղաքական ծրագրում չկա այդպիսի բան։ Բայց, այո՛, հետպատերազմյան օրերին ՇԱԳԱՄ-ը [«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միություն»] ՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, հավաքագրում էր կամավորների, որոնք պատրաստ էին կորսված 800 հեկտար հողը ետ վերցնել, և նրանք պատրաստ էին դա վերցնել այն դեպքից հետո, երբ որ Սերժ Սարգսյանը օդանավում հայտնի իր ճառի ժամանակ ասաց՝ «նրանք, ովքեր ուզում են հետ վերցնել, թող գնան վերցնեն»։ 90-ական թվականների ջոկատային ֆիդայական շարժումի մեջ մենք արդեն ունենք բանակ, ունենք պետություն, ճիշտ է՝ կաղում են որոշ չափով, բայց ունենք, հետևաբար՝ այսօր այդ գործողությունները կարող են միայն կատարվեն բանակի շրջանակներում, բանակի ռեսուրսներն օգտագործելով»։
Ճշտող հարցին, թե ձևավորված խումբը սպասում էր, որպեսզի բանակի հրամանի դեպքո՞ւմ կոնկրետ գործողությունների դիմեր, Եղնուկյանը պատասխանեց. - «Խումբը սպասում էր բանակի օժանդակությանը»։
«Իհարկե, բթացած, չեկիստական մտածելակերպի, որտեղ իրենք կարդացել են որոշ գրքեր, նայել են որոշ ֆիլմեր, որտեղ հեռուստաշենքեր են գրավում և այլն՝ սա իրենց երևակայությունն է։ Այսօր այս դարում հեռուստաընկերությունը պետք չէ գրավել, ինտերնետն արդեն բավարար է, որպեսզի քո ինֆորմացիան տեղ հասնի», - ընդգծեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը: