Թուրքիայի նախագահը այսօր երկրորդ պարտությունը կրեց գերմանական դատարանում. Վերաքննիչ դատարանը և՛ս որոշեց մերժել Ռեջեփ Էրդողանի հայցը Axel Springer-ի դեմ, որը մոտ 150 անուն թերթ ու ամսագիր է հրատարակում ավելի քան երեք տասնյակ երկրներում:
Եվրոպայի խոշորագույն այդ հրատարակչատան տնօրենի դեմ Թուրքիայի նախագահը դատական հայց էր ներկայացրել անցած մայիսին, երբ նա հրապարակավ պաշտպանել էր Էրդողանին վիրավորող բանաստեղծության հեղինակ, երգիծաբան Յան Բյոհմերմանին: «Ես բարձրաձայն ու լիաթոք ծիծաղեցի բանաստեղծությունը լսելիս»,- Welt-ում գրել էր Axel Springer-ի տնօրենը՝ պնդելով, թե այն խոսքի ազատության դրսևորում էր և արվեստի նմուշ:
Անկարայում, մինչդեռ, երգիծական այդ բանաստեղծությունն ավելի քան լուրջ էին ընդունել: Արտգործնախարարությունը բողոքի նոտա էր հղել՝ պաշտոնապես պահանջելով Գերմանիայի իշխանություններից քրեական գործ հարուցել կատակերգակի դեմ՝ օտար երկրի առաջնորդի արժանապատվությունը վիրավորելու համար:
Գերմանացի լրագրողներին դատարան տանելու՝ Էրդողանի փորձերը բողոքի մեծ ալիք էին բարձրացրել երկրում, լրատվամիջոցները պնդում էին՝ սեփական երկրում հարյուրավոր լրագրողների ու ընդդիմախոսների բանտերը նետելուց հետո, Թուրքիայի նախագահը հիմա էլ Եվրոպայում է փորձում իր կարգերը հաստատել:
Աղմկահարույց բանաստեղծության հեղինակին պաշտպանելու համար գերմանական մամուլը վերջին շաբաթներին մեկը մյուսի հետևից Էրդողանի վերաբերյալ քննադատական հոդվածներ էր հրապարակում, հեռուստաընկերություններն էլ հաղորդումներ էին հեռարձակում՝ է՛լ ավելի բորբոքելով Անկարայի զայրույթը:
Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Թուրքիայի արտգործնախարարությունը կրկին փակ զրույցի էր հրավիրել Գերմանիայի դեսպանին՝ հեղինակավոր ARD հեռուստաընկերությամբ հեռարձակված երգիծական տեսանյութի կապակցությամբ, որը բացահայտ ծաղրում էր Թուրքիայի նախագահին՝ խոսքի ազատությունը ճնշելու համար։
«Նա ամենակարող է, թե մի բան գրես, որը դուրը չգա, վաղը կհայտնվես ճաղերի հետևում», - ասվում էր տեսանյութում։
Գերմանական հեղինակավոր մեկ այլ պարբերական էլ, իր համերաշխությունը հայտնելու համար, Մամուլի ազատության օրը ողջ համարը նվիրել էր Թուրքիայում խոսքի ազատության վիճակին՝ հոդվածներ հրապարակելով Էրդողանի կողմից հետապնդվող լրագրողների ու ընդդիմախոսների վերաբերյալ:
2014-ին իշխանության գալուց հետո Թուրքիայի նախագահն արդեն 1800 քրեական գործ է հարուցել սեփական երկրում՝ իր արժանապատվությունը վիրավորելու համար։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ նույնը կրկնվի մեր երկրում», - ասել են գերմանացի լրագրողները։
Էրդողանի իրավաբանը դեռ չի նշել՝ բողոքարկելո՞ւ է արդյոք Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը Սահմանադրական դատարանում։ Փորձագետները, սակայն, խիստ անհավանական են համարում, որ Էրդողանը կարող է հաջողության հասնել Գերմանիայի բարձրագույն այդ ատյանում։