Այս երկիմաստ դրությունը ակնհայտ դարձավ երեկ Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների` Լյուքսեմբուրգում կայացած համաժողովի ավարտին, երբ պարզ դարձավ, որ Վրաստանի քաղաքացիներին Շենգենյան գոտի ազատորեն մուտք գործելու հնարավորություն ընձեռելու վերջնական որոշման կայացումը կրկին հետաձգվում է:
«Եվրամիության անդամ բոլոր պետությունները միանշանակորեն ընդունում են, որ Վրաստանը աներևակայելի լավ աշխատատանք է կատարել և այդ երկիրն արժանի է, որպեսզի գործադրված ջանքերը շուտափույթ կերպով գնահատվեն», - լյուքսեմբուրգյան հավաքի ավարտին հայտարարեց Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին` հավելելով սակայն, որ արտգործնախարարներն այդպես էլ Վրաստանի հարցում որևէ որոշում չեն կայացրել:
«Այժմ ամեն ինչ կախված է Եվրամիության նախագահող պետության` Նիդերլանդների դիրքորոշումից․ արդյո՞ք այն կառաջարկի վրացական թեման ընդգրկել ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեի՝ COREPER-ի հաջորդ նիստի օրակարգում, թե՞ ոչ», - ասել է Մոգերինին:
Չնայած Վրաստանի հարցում միասնական դիրքորոշման մասին պնդումներին` երեկ Լյուքսեմբուրգում կայացած նիստը մեկ անգամ ևս հստակորեն ցույց տվեց, որ եթե Գերմանիան և եվրոպական մի շարք այլ խոշոր պետություններ հակված են հետաձգել վերջնական որոշման կայացումը մինչև ազատ վիզային ռեժիմի սառեցման մեխանիզմի մշակումը, ապա արևելաեվրոպական երկրները միանգամայն այլ մոտեցում են որդեգրել:
Բալթյան պետությունների, ինչպես նաև Ռումինիայի և Բուլղարիայի ներկայացուցիչները դեռ մինչև լյուքսեմբուրգյան հավաքի մեկնարկը հանդես եկան միասնական հայտարարությամբ` կոչ անելով շուտափույթ կերպով վավերացնել դեռ 2015-ի դեկտեմբերին Վրաստանի հետ կնքված վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագիրը:
Այս համատեքստում պատահական չէր, որ վիզային ազատ ռեժիմի հեռանկարների մասին ամենահստակ հայտարարություններով հանդես եկավ Վրաստանի շահերն ակտիվորեն պաշտպանող Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը․ - «Չկա որոշում, բայց չկա նաև կասկած, որ Վրաստանը համապատասխանում է [ազատ վիզային ռեժիմի համար] անհրաժեշտ բոլոր չափանիշներին: Մենք նախաձեռնեցինք այսօրվա քաղաքական քննարկումը, և դրա ավարտին կարող եմ ասել, որ ընդհանուր տրամադրվածությունը Վրաստանի հանդեպ շատ դրական էր: Ես վստահ եմ, որ մենք շատ չենք ձգձգի այս հարցի լուծումը: Իհարկե դա ավարտին չի հասցվի վաղը կամ հաջորդ շաբաթ: Կարծում եմ, սակայն, որ մինչև վաղ աշուն մենք կավարտենք այս գործընթացը»:
Պաշտոնական Թբիլիսին Եվրամիությունից ստացվող ազդակները բավական հանգիստ է ընկալում: Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների պնդմամբ, Եվրամիության հիմնական մտավախությունները կապված են ոչ թե Վրաստանի, այլ ազատ վիզային ռեժիմի հաստատման շեմին գտնվող մյուս պետությունների` Ուկրաինայի, Կոսովոյի և Թուրքիայի հետ:
«Արտգործնախարարների հավաքը Եվրամիության խորհրդի կազմում գործող շատ կարևոր ձևաչափ է, որում կրկին քննարկվեց վիզային ռեժիմի ազատականացման հարցը: Արդեն գիտեք, որ տիկին Մոգերինին հստակորեն հայտարարեց` Վրաստանը կատարել է ստանձնած բոլոր պարտավորությունները, և մեր երկրին այլևս որևէ հարցադրում չի ուղղվում: Համապատասխան որոշումը կկայացվի արդեն մոտ ապագայում», - Եվրամիության հավաքի ավարտից մի քանի ժամ անց Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: