Սանկտ Պետերբուրգում երկուշաբթի օրը կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը տրամաբանական շարունակությունն էր մայիսին Վիեննայում կայացած հանդիպման, որի ընթացքում կարևոր պայմանավորվածություններ էին ձեռք բերվել՝ ուղղված բանակցային գործընթացը վերսկսելու համար համապատասխան պայմանների ստեղծմանը: Այդ մասին նախագահների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Գիտեք, որ Վիեննայում եռանախագահող երկրների նախարարների մակարդակով հայտարարություն արվեց, որտեղ արտացոլված էին այն պայմանավորվածություններն ու հանձնառությունները, որ կողմերը ստանձնել էին. նախևառաջ, բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում: Այդ համաձայնագրերի, որոնց կարևորությունը հատուկ շեշտեցին համանախագահ երկրների նախարարները: Պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին ու Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ», - ասել է Նալբանդյանը ճեպազրույցում, որի սղագրությունը տրամադրել են արտգործնախարարությունից:
«Գիտեք, որ այնուհետև կայացան Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առանձին հանդիպումները Բրյուսելում և Փարիզում համանախագահների հետ, որտեղ համապատասխան մանրամասն առաջարկներ հանձնվեցին այս երկու առաջարկությունների վերաբերյալ՝ հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի թիմի ընդլայնման», - շարունակել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նշելով, որ հայկական կողմն աշխատում է եռանախագահող երկրների հետ այդ երկու առաջարկների վրա, Նալբանդյանն ընդգծել է․ - «Ցավոք, կարող ենք ասել, որ Ադրբեջանը մինչ օրս կառուցողական մոտեցում չէր ցուցաբերում այս հարցի վերաբերյալ։ Փաստորեն, իրենք մինչ այսօր խոչընդոտում էին ԵԱՀԿ ֆինանսական և բյուջետային հանձնաժողովում, որպեսզի ֆինանսավորում տրամադրվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնմանը»:
«Այսօր՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը, նախագահների մակարդակով, ևս մեկ անգամ ընդգծվեց, որ այդ թիմը պետք է ընդլայնվի: Այս մասին նշվեց հայտարարության մեջ, որը հանդիպման արդյունքում արել են նախագահները: Խոսքը գնում է նաև մեխանիզմի ստեղծման մասին, որի վերաբերյալ որոշումը կայացվել էր Վիեննայում, և դա առաջին անգամ չէր: Այդպիսի մեխանիզմի ստեղծման վերաբերյալ կողմերը պայմանավորվել էին դեռ առնվազն երկու անգամ նախագահների մակարդակով՝ Սոչիում 2011 թվականին և 2012 թվականին։ Նորից նույն բանն էր պատահել. ամեն անգամ Ադրբեջանը փորձում է հետքայլ անել», - ասել է արտգործնախարարը և հավելել․ - «Իհարկե, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի միջև այս ժամանակահատվածում ադրբեջանական կողմը տարբեր հայտարարություններով, չէի ասի, որ կառուցողական, դուք բոլորդ էլ գիտեք՝ ինչ հայտարարություններ են հնչել Բաքվից, և նաև այն, որ հենց երեկ և այսօր՝ այս օրերին, երբ գագաթաժողովն է ընթանում, Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում՝ 25 հազար զինվորների և ծանր զինտեխնիկայի, սպառազինության ընդգրկմամբ: Չեմ կարծում, որ սա կառուցողական մոտեցում է գագաթաժողովներից առաջ և ընթացքում»:
«Չնայած դրան, կարող եմ ասել, որ այսօրվա հանդիպումը բավականին օգտակար էր, և որոշ զգուշավորությամբ կարող եմ ասել նաև, որ անցել է կառուցողական մթնոլորտում», - հայտարարել է Նալբանդյանը: - «Որոշ հարցերի շուրջ նախագահները եկան այն ըմբռնման, որ եթե դրանց շուրջ պայմանավորվածություն լինի, ապա հնարավորություն կստեղծվի բանակցային գործընթացն առաջ շարժել դեպի հիմնախնդրի կարգավորում: Այս մասին նշվում է նաև Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովի արդյունքներով նախագահների կողմից արված հայտարարության մեջ»:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կշարունակվեն հանդիպումները նախագահների ու նախարարների մակարդակով, և որ գործընթացը շարունակվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափով: Պատահական չէր, որ նախագահների հանդիպման եզրափակիչ մասում եռանախագահող երկրների դեսպանները հրավիրվեցին ներկա գտնվելու դրան։ Հայաստանի Հանրապետության նախագահը առանձին հանդիպում ունեցավ նաև եռանախագահների հետ և ներկայացրեց մեր տպավորությունները այս գագաթաժողովի արդյունքներից», - ասել է Հայաստանի արտգործնախարարը: